ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները:
Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝
- 1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ,
- 2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.),
- 3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր),
- գործող մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:
Առաջին տարիքային խմբում դպրոցականները հաղթահարելու են 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը տրվելու է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկները կվազեն 10 կմ՝ Փարաքար–Էջմիածին մայրուղու երկայնքով։
Մրցումների մեկնարկը՝ ժամը 13:00-ին: Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ՝ ժամը 11:00-ին, անձը հաստատող փաստաթղթով: