Հայաստանի պատվիրակության այցը Բրազիլիա՝  դպրոցական սննդի  կազմակերպման փորձի ուսումնասիրության նպատակով

 

ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ճանաչողական այցով մեկնել էր Բրազիլիա՝ ծանոթանալու Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) բրազիլական փորձին:

ՀՀ պատվիրակության կազմում են եղել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի,  «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի,  տարբեր պետական կառույցների՝ Արտաքին գործերի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ։

Այցի նպատակն էր ծանոթանալ Բրազիլիայի դպրոցական սննդի ծրագրի բաղադրիչներին, սննդի մոդելներին, ծրագրի կարգավորման օրենսդրական ու կառավարչական մեխանիզմներին, ճաշացանկերի կազմման, մթերքի ձեռքբերման, ծրագրի վերահսկողության բրազիլական երկարամյա փորձին։ Օրակարգի պարտադիր կետերից մեկն էլ ընտանեկան գյուղացիական տնտեսություններից գնումներին է վերաբերել, որը Բրազիլիայում սահմանված է նվազագույնը 30 տոկոս։

Պատվիրակությանը Բրազիլիայի ազգային կրթական զարգացման հիմնադրամի (FNDE) և Բրազիլիայի համագործակցության գործակալության (ABC) հետ համատեղ մեկ շաբաթյա ինտենսիվ հանդիպումների, աշխատաժողովների միջոցով ներկայացվել է ծրագրի անցած ճանապարհն ու հաջողության պատմությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի գործընկերներին և ընդգծել համագործակցության կարևորությունը. «Չնայած երկու երկրները ծրագրերն իրականացման տարբեր նախապատմություններ և տարբեր մասշտաբներ ունեն, բայց մեր առջև ծառացած են նույն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց հաղթահարման ուղղությամբ շատ ավելի արդյունավետ կլինի աշխատանքը, եթե կարողանանք համատեղ լուծումներ գտնել»։

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանի գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն ևս ընդգծել է այցի կարևորությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է ոչ միայն Բրազիլիայի փորձի ուսումնասիրության, այլև երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման համար. «Հույս ունեմ, որ այս այցը կդառնա հարթակ երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության ընդլայնման համար՝ դպրոցական սննդի ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Հայաստանն էլ ունի փորձառություն՝ պատմելու Բրազիլիայի գործընկերներին հատկապես մեր ծրագրի նորարարական գյուղատնտեսական բաղադրիչի վերաբերյալ»:

Բրազիլիայի դպրոցական սննդի ծրագիրը համարվում է աշխարհում ամենախոշորներից մեկը՝ ընդգրկելով ավելի քան 40 միլիոն աշակերտի: Այս համակարգի ուսումնասիրությունը և դրա բաղադրիչների՝ տեղական ֆերմերների հետ համագործակցության, մոնիթորինգի և կառավարման մեխանիզմների, ինչպես նաև ճաշացանկի պլանավորման, ֆինանսավորման մոդելների ուսումնասիրությունը նպատակ ունի աջակցել հայկական կողմին՝ «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատենքներում:

Այցը մեկնարկել է Բրազիլիայի համագործակցության գործակալության պլենար նիստով, այնուհետև պատվիրակությունն այցելել է գյուղական և քաղաքային դպրոցներ, ընտանեկան գյուղացիական տնտեսություններ, ինչպես նաև ծանոթացել այդ տնտեսությունների կազմած ասոցիացիայի աշխատանքներին։ Պատվիրակությունը ծանոթացել է նաև սոցիալական ճաշարանների աշխատանքին, մասնակցել ծրագրի տարբեր բաղադրիչների վերաբերյալ դասախոսությունների, աշխատաժողովների, քննարկումների։

 

 

Spread the love