Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հոկտեմբերի 22-ի առավոտյան Չարենցի փողոցում նկատել են քարերի տակ փաթեթներ տեղադրող երիտասարդի։
Պարզվել է՝ 24-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Ֆանարջյան փողոցի բնակիչ է։ Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով նա ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք։
Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչներ՝ ընդհանուր 5 գրամից ավելի, 117 գրամից ավելի սպիտակ բյուրեղանման զանգվածով պլաստմասե տարա և նույն զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 19 գրամից ավելի։
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից։ Դրա վկայությունն է իրավապահների ամենօրյա անզիջում և հետևողական պայքարը այդ չարիքի դեմ։ Կրկին հորդորում ենք զերծ մնալ մերժելի և չափազանց վտանգավոր կենսակերպից, քանզի քրեաիրավական հետևանքներին առերեսվելը անխուսափելի կլինի։