Մեքենան վնասելու պատճառը հողամաս ընտանի կենդանիների մտնելն էր.(Տեսանյութ)

Հոկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 11-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել Աշտարակի Վառոյ ձորակի փողոցի բնակիչ 58-ամյա մի կնոջից: Նա հայտնում էր, որ վեճի ընթացքում ոմն մեկը կացինով կոտրել է իրենց «Նիվայի» ապակիները, լուսարձակն ու շարժիչի ծածկը: Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված հասցե: Պարզվել է, որ «ոմն մեկը» նույն փողոցում` հարևանությամբ հողամաս ունի, իսկ ահազանգից մոտ մեկ ժամ առաջ ծագած վեճի թեման ընտանի կենդանիների հողամաս մտնելն էր: Աշտարակի համայնքային ոստիկանները մեքենան վնասողին հայտնաբերել են իր բնակության վայրում: 36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին: Ըստ տուժողի` պատճառված վնասը 600 հազար դրամի է: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

 

Spread the love