Դեպքերի բացահայտումը հանրային անվտանգության, օրինապահ մշակույթը կենսակերպ դարձնելու նպատակ ունի.(Տեսանյութ)

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ։

Վարելիս հեռախոսով խոսելը կամ ծխախոտային արտադրանք օգտագործելը վթարների պատճառ հանդիսացող իրավախախտումներից են, իսկ չամրակապված վարելը հանգեցնում է ծանր հետևանքների:

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ իրականացնում է նաև ուժեղացված ծառայություններ և հատուկ միջոցառումներ։

«ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից 2024 թ. 9 ամիսների ընթացքում արձանագրվել և որոշում է կայացվել  չամրակապված տրանսպորտային միջոցներ վարելու և չամրակապված ուղևոր փոխադրելու հետ կապված իրավախախտումների գործերով 132 574 որոշում, ինչը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ  ավելի է մոտ 84 հազարով։

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է հեռախոսակապից օգտվելու կանոնների խախտման 22 182 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 5900-ով: Արձանագրվել է ծխախոտային արտադրանք օգտագործելու 19 136 իրավախախտում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2670-ով»,-ներկայացնում է Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

 

Միջազգային փորձը վկայում է՝ ամրագոտու կիրառումը  80-85 % կրճատում է զոհվելու և 50-55 % ՝մարմնական վնասվածք ստանալու հավանականությունը, իսկ հեռախոսակապից օգտվելը և ծխելը շեղում են վարորդի ուշադրությունը՝ խանգարելով ճիշտ գնահատել իրավիճակը:

Պարեկների կողմից արձանագրվող իրավախախտումներն ունեն մեկ  նպատակ՝ կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների  թիվը, իսկ օրինապահ վարելու մշակույթը դարձնել կենսակերպ։

Յուրաքանչյուր անմեղ թվացող իրավախախտում կարող է մարդկային կյանք արժենալ:

Հանրային անվտանգության պահպանությունը ՆԳ նախարարության առաջնային նպատակներից է։

 

Spread the love