Գնաճն իր ազդեցություն է ունենում երկրում ձեւավորվող բոլոր տոկոսադրույքների վրա, ու եթե մենք կարողանում ենք գնաճը կառավարելի դարձնել ոչ թե 4, այլ 3 տոկոս մակարդակի վրա, ինքը ենթադրում է, որ մենք ստեղծում ենք մի միվայար, որտեղ ծախսերը, որոնք կապված են բարձր տոկոսադրույքների հետ, փորձելու ենք նվազեցնել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով իր առաջարկին՝ գնաճի տարեկան թիրախը իջեցնել 3 տոկոսի, որն այժմ 4 տոկոս է:
«Մեր դրամավարկային քաղաքականությունն աշխարհում լավագույններից է եւ մենք կարծում ենք, որ մեր վստահությունը մեր քաղաքականության նկատմամբ այնպիսին է, որ մենք պետք է արդեն խաղանք ուրիշ լիգայում, ուրիշ խաղացողների հետ՝ ավելի բարդ խնդիրների առերեսվելու տեսանկյունից եւ մենք պատրաստ ենք այդ մարտահրավերները մեզ վրա վերցնել:
Մի բան է՝ կառավարել գնաճ, որը 2-3 տոկոս է, մեկ այլ բան է, որ գնաճը 4-5 տոկոս է: Այդտեղ քո խաղալու հնարավորությունը մի քիչ ավելի լայն է: Այս պարագայում մենք ասում ենք՝ մենք այնքան կոփել ենք մեզ, մկանային մասա ենք ձեւավորել, որ կարող ենք այդ լիգայում խաղալ»,-ասաց նա:
ԿԲ նախագահը նկատեց, որ այս հարցը նաեւ քաղաքական բաղադրիչ ունի. «Որովհետեւ ցածր գնաճը մի կողմից ունի դրական ազդեցություններ, բայց մյուս կողմից եթե գնաճը բարձր է, պետության նոմինալ եկամուտները ավելի մեծ են: Այստեղ պետք է բալանսավորման խնդիր լուծենք, թե երբ է ճիշտ ժամանակը դա իրագործելու»,-ասաց նա: