Ֆրանսիայի գյուղապետերի նախագահ Միշել Ֆուրնիեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ծանոթանալու բուհի գործունեությանը և քննարկելու տարբեր մասնագիտացումների ուղղությամբ հնարավոր համագործակցության հեռանկարները:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արաքսիա Սվաջյանը և բուհի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, որը ներկայացրել է բուհի գործունեությունն ու համագործակցության ոլորտները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել հայաստանյան փորձի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելու համար:
«Ագրարային ոլորտը մեր երկրի տնտեսության առանցքային ուղղություններից մեկն է, որտեղ անելիքներ շատ ունենք: Մեծածավալ բարեփոխումների շրջանակում այդ ոլորտի մասնագիտությունների գրավչությունը բարձրացնելու նպատակով տարբեր միջոցառումներ ենք իրականացնում թե՛ մասնագիտական, թե՛ բարձրագույն կրթության համակարգում՝ կարևորելով կրթության որակի բարձրացումը: Այս ուղղությամբ շատ ենք արժևորում տարբեր ծրագրերի միջոցով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, ինչն ուղիղ ազդեցություն կարող է ունենալ կրթության որակի վրա»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսական ոլորտի մասնագիտությունների գրավչությունը բարձրացնելու նպատակով քոլեջների և բուհերի ուսանողների համար սահմանվել է 10 անգամ ավելի բարձր կրթաթոշակ:
Նա իրազեկել է նաև, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման խմբակներ, որոնք օգնելու են աշակերտներին կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն՝ նաև տնտեսության կարիքներին համապատասխան: Արաքսիա Սվաջյանը բարձր է գնահատել միջին մասնագիտական կրթության ոլորտում ֆրանսիական կողմի հետ առկա համագործակցությունը՝ ի դեմս Տավուշի «Պատրիկ Տէվէճեան» տարածաշրջանային քոլեջի, և հույս հայտնել, որ համագործակցային շրջանակը կընդլայնվի ինչպես դուալ կրթության զարգացմամբ, այնպես էլ այլ ուղղություններով:
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամներն ընդգծել են, որ Ֆրանսիայի կառավարությունը կարևորում է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդումը: Նրանք ներկայացրել են ոլորտում ֆրանսիական փորձը, մասնավորապես՝ Դիժոնի գյուղատնտեսական ինստիտուտի գործունեությունը և պատրաստակամություն հայտնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ տարբեր նախագծերի շուրջ համագործակցելու, հայ ուսանողներին Ֆրանսիայում աշխատանքային պրակտիկայի հնարավորությամբ հյուրընկալելու, փորձի փոխանակում իրականացնելու նպատակով: Կողմերն առանձնակի քննարկել են գինեգործության, պանրի և կաթնամթերքի արտադրության ոլորտներում գործակցության շրջանակներն ու հեռանկարները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: