Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը պատրաստել է սյուժե Վրաստանով Ռուսաստան հայկական մածնի մատակարարումների արգելքի մասին։ Ինչպես տեղեկացվել էր մինչ այդ, արգելիք պատճառն այն էր, որ Վրաստանը «մացոնին» գրանցել էր իր աշխարհագրական նշմամբ։ Հայ արտադրողները սկսել են մածունը Ռուսաստան արտահանել «Հայկական լեռնային յոգուրտ» մակնշմամբ, տեղեկացնում է «Эхо Кавказа»-ն։
«Իմեդիի» պատրաստած սյուժեն այս թեմայի վերաբերյալ նոր սկանդալ է առաջացրել։ Նյութի ցուցադրման ժամանակ էկրանին հայտնվել են կաթնամթերքի շշեր, որոնց վրա վրացերեն գրված էր «մածուն», իսկ հայերեն՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, տոլման նույնպես ադրբեջանական է»։
«Իմեդի» հեռուստաընկերությունում «Ազատություն» ռադիոյի վրացական ծառայությանն ասել են, որ եթերում օգտագործվել են Google-ի որոնման ծառայությունից վերցված լուսանկարներ, սխալը թույլ է տվել տեխնիկական աշխատակիցը։
Հեռուստաընկերության կայքում հրապարակված պաշտոնական հայտարարությունում «Իմեդին» ափսոսանք է հայտնել եւ ներողություն խնդրել սխալի համար։
«Սյուժեի այդ հատվածը կհանվի հոլդինգի բոլոր սոցիալական պլատֆորմներից»,- ասված է հայտարարությունում։
«Իմեդի» հեռուստաընկերության սխալը Վրաստանում նկատել է Գեորգի Թումասյանը։ Սկանդալի մասին այժմ գրում են նաեւ վրացական ԶԼՄ-ները։