Երևանում տրանսպորտից օգտվելու համար հավաքագրված գումարը շաբաթ և կիրակի օրերին 5 և 4 մլն դրամով բարձրացել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործխակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Ուրբաթ օրը, երբ դեռ շատ քաղաքացիներ օբյեկտիվորեն տեղեկացված չէին համակարգի գործելու տրամաբանությունից, այնուամենայնիվ, օրական հասույթի արձանագրված բարձրացումը պահպանվել է, իսկ շաբաթ և կիրակի օրերին 5 և 4 մլն դրամով բարձրացել է:
Իհարկե, չենք խուսափել նաև որոշակի խնդիրներից, որը անընդմեջ մոնիտորինգ ենք անում և կամաց-կամաց դրանց էլ ենք լուծում տալիս:
Նաեւ ուզում եմ նորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին, որովհետեւ այն պատկերը, որ այս երեք օրվա մեջ տեսնում ենք, ինձ հուշում է, որ այն բոլոր հաղորդագրությունները, որ մենք տարածլ ենք, հանրությունն ըմբռնել է և մեզ հետ հավասար միասին քայլում է այս ուղղությամբ և բարեփոխումների իրականացմանը կողմ է»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:
Նա նաեւ ներողություն խնդրեց երեւանցիներից եղած թերությունների համար եւ հավաստիացրեց, որ օրուգիշեր աշխատում են, որ օր առաջ անգամ այդ փոքր թերությունները չլինեն:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։