Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձավ մետրոպոլիտենից հրապարակված լուսանկարներին և տեսանյութերին՝ կուտակումների մասին։
«Նոյեմբերի 1-ին տեսանյութ էր հրապարակվել, որտեղ տեսնում ենք մեծածավալ կուտակումներ հենց մետրոյի վագոնի մուտքի մոտ, որը բացարձակ կապ չուներ միասնական տոմսային համակարգի հետ, բայց մեկ այլ խնդրի մասին էր վկայում, որ նոր շարժակազմերի կարիք ունենք։ Այժմ ևս մեկ շարժակազմ ենք սկսում շահագործել։ Պիկ ժամերին ունենում ենք այդ կուտակումները, որը միասնական տոմսային համակարգի հետ որևէ կապ չուներ»,- ասաց նա։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ չի բացառում, որ շարժակազմերի խնդիր կա, սակայն նշեց, որ չնայած կուտակումներ եղել են վագոնների մոտ, որևէ նկար չկար և չէր կարող լինել, որում նույնատիպ կուտակումներ են բուն անցարգելների մոտ: Դա, ըստ Գրիգորյանի, ևս մեկ անգամ ապացուցում է, որ համակարգը նորմալ սպասարկում է անգամ այդքան մեծ ուղևորահոսքը։
«Յուրաքանյուր փոփոխություն իր բարդություններով է ընթանում, բայց որոշակի ժամանակի ընթացքում այդ բարդությունները միասին հաղթահարում ենք, վստահ եմ՝ այս համակարգի անցումն այդպիսի ճանապարհ է լինելու, մետրոպոլիտենում խնդիրը լուծված է, կուտակումներ չունենք անցարգելների մոտ, էական կուտակումներ չունենք մետրոյի մուտքի մոտ, բայց ունենք արդեն այլ խնդիրներ, որ պետք է լուծենք»,- նշեց քաղաքապետը: