Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ COVID-19-ը կարող է բարձրացնել դիսլիպիդեմիայի հավանականությունը, վիճակ, որի դեպքում արյան մեջ նկատվում է լիպիդների (ճարպերի) անոմալ մակարդակ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Investigation-ում։
Լիպիդները ճարպերի եւ ճարպանման նյութերի ընդարձակ խումբ են, որոնք պարունակվում են բոլոր կենդանի բջիջներում։ Դրանք անհրաժեշտ են էներգիայի պահպանման, միջբջջային ազդանշանների փոխանցման եւ բջջային մեմբրանների (թաղանթների) ստեղծման համար։ Ստուգելու համար, թե ինչպես է աշխատում ճարպային փոխանակությունը, եւ որպեսզի պարզվի սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը, բժիշկներն առաջարկում են արյուն հանձնել լիպիդային պրոֆիլի որոշման համար։ Լիպիդային պրոֆիլում սովորաբար մտնում են տրիգիլիցերիդները, ընդհանուր խոլեստերինը եւ տարբեր խտության լիպոպրոտեինները։
Հետազոտության շրջանակում, որին մասնակցել է 200 մեծահասակ կամավոր, գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է կորոնավիրուսային վարակն ազդում արյան մեջ լիպիդների կարգավորման վրա։ Երեք տարվա ընթացքում, որոնք նախորդել են համավարակի սկսվելուն (2017-2019) գիտնականները տվյալներ են հավաքել յուրաքանչյուր փորձարկվողի արյան լիպիդային պրոֆիլի մասին։ Այնուհետեւ հետազոտողները գնահատել են դիսլիպիդեմիայի տարածվածությունը նույն խմբում 2020-2022թթ.՝ ուսումնասիրությունից բացառելով այն մարդկանց, որոնց մոտ մինչ այդ ախտորոշվել էին լիպիդային փոխանակության խախտումներ (ինչպես նաեւ այն անձանց, որոնք ընդունել էին հիպոլիպիդեմիկ դեղամիջոցներ)։
Արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ը բարձրացնում է դիսլիպիդեմիայի հավանականությունը միջինը 29 տոկոսով։ Այդ հավանականությունն ավելի մեծ էր 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ։ Ռիսկի խմբում էին նաեւ դիաբետ, ճարպակալում, սիրտ-անոթային հիվանդություններ, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն եւ հիպերտոնիա ունեցող մարդիկ։
Գիտնականներն ընդգծել են, որ դիսլիպիդեմիան սրտի նոպայի եւ ինսուլտի հավանականության հիմնական գործոններից է։ Բանն այն է, որ որոշ ճարպանման նյութերի ավելցուկը (կամ անբավարարությունը) պատճառ է հանդիսանում աթերոսկլերոտիկ բշտի առաջացման համար։ Տեղի են ունենում թրոմբի առաջացում եւ անոթների սպազմ։ Դա էլ խոչընդոտում է արյան հոսքին եւ ստեղծում հարմար պայմաններ անոթային աղետի համար։