ԱՄՆ մի շարք առաջատար բժշկական համալսարանների գիտնականներն առաջարկել են գանգուղեղային վնասվածքը համարել քրոնիկական վիճակ ողջ կյանքում պահպանվող հետեւանքների պատճառով։ Այս մասին հետազոտողները հայտնել են Journal of Neurotrauma-ում (JN)։
Մեկնաբանության հեղինակների խոսքով՝ գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) պահանջում են ոչ թե կարճատեւ դիտարկումներ, այլ առողջության մշտական հսկողություն, ինչպես դիաբետի, ասթմայի, դեպրեսիայի եւ սրտային անբավարարության դեպքերում։
Գիտնականները բացատրել են, որ առողջապահության համակարգերի ռազմավարությունները հիմնականում հիմնվում են վնասվածքի սուր փուլի դեմ տարվող աշխատանքի վրա, որը սովորաբար տեւում է վնասվելուց հետո մեկ տարի։ Բայց զգալի թվով մարդկանց մոտ, որոնք գանգուղեղային վնասվածքներ են ստացել, հետեւանքները պահպանվում են ողջ կյանքի ընթացքում։ Դրանք կարող են ներառել գլխացավը, գլխապտույտը, գիտակցության խառնափնթորությունը, եւ հիշողության հետ կապված խնդիրները։
Գիտաշխատողներն ընդգծել են, որ այդ արձագանքները կարող են բնորոշվել սրացման եւ թուլացման շրջաններով, ինչը լրացուցիչ մատնանշում է պաթոլոգիաների քրոնիկական բնույթի մասին, որոնք առաջացել են գանգուղեղային վնասվածքներից։ Հեղինակները նաեւ հայտնել են, որ անհրաժեշտ է վերանայել ԳՈւՎ ունեցող մարդկանց խնամքի եւ նրանց հսկողության հանձնարարականները եւ մտցնել բուժման անհատական պլաններ։