Լեսթերի համալսարանի բրիտանացի գիտնականները կարմիր խաղողի, գետնանուշի և հապալասի մեջ հայտնաբերել են ռեսվերատրոլ բուսական միացությունը, որը օրգանիզմը պաշտպանում է աղիների քաղցկեղից։ Հայտնագործության մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը։
Հետազոտության արդյունքները հիմնված են թիմի ավելի քան մեկ տասնամյակի աշխատանքի վրա, որն ավելի վաղ հայտնաբերել էր, որ զտված ռեսվերատրոլը կարող է դանդաղեցնել ուռուցքների աճը մկների շրջանում՝ չմարսված վիճակում աղիքներ հասնելով:
Նոր նախագիծը նպատակ ունի փորձարկումներ անցկացնել 50-73 տարեկան մարդկանց վրա, ովքեր հետազոտվել են աղիքային պոլիպների համար՝ փոքր գոյացություններ, որոնք կարող են վերածվել քաղցկեղի, եթե չբուժվեն:
Փորձի շրջանակում բոլոր հիվանդներին պոլիպները կհեռացնեն: Մեկ խմբին այնուհետև երեք տարի կտրվի ասպիրին կամ ասպիրինի և մետֆորմինի համակցություն (դիաբետի համար նախատեսված դեղամիջոց):
Մյուս խումբը մեկ տարի շարունակ զտված ռեսվերատրոլ կամ պլացեբո կընդունի:
Այնուհետև բոլոր հիվանդները կկատարեն աղեդիտում (կոլոնոսկոպիա կամ ռեկտոռոմանոսկոպիա. ռեկտոսկոպի միջոցով հիմնականում ուղիղ և սիգմաձև աղիքների ներքին մակերևույթի ու լուսանցքի զննում)՝ պարզելու համար՝ արդյոք պոլիպները սկսել են դարձյալ աճել: Եթե փորձարկումը հաջող ընթանա, փորձարկված բուժումներից որևէ մեկը կարող է առաջարկվել՝ աղիքային պոլիպների առաջացման ռիսկը նվազեցնելու համար: