ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ

Նախարարությունից progressarmenia.com-ն հաղորդում են, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ավելացմանը, պարենային անվտանգության ապահովմանը, պարենային ապրանքների արտահանումների կազմակերպմանը, տոհմային անասնաբուծության զարգացմանը, գյուղատնտեսական կենդանիների պատվաստանյութերի ձեռքբերմանը, ալկոհոլային արտադրանքի արտահանմանը, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության ժամանակ թունաքիմիկատների կիրառմանը վերաբերող հարցեր։

Կողմերը կարևորել են գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցության ընդլայնումը և պատրաստակամություն հայտնել շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Spread the love