Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Կարեն Թումանյանն է։ Այս մասին տեղեկանում է ՀՀ Դատական իշխանության պաշտոնական կայքէջից։
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի տարիքով ավագ անդամ Արմեն Դանիելյանի կողմից 2024 թվականի նոյեմբերի 18-ին ներկայացված՝ ավագության սկզբունքով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարելուց հրաժարվելու վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով, 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը»,–ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի պահանջով բարձրաստիճան վեց պաշտոնյա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Պաշտոնյաների թվում էր նաև ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։