Պարենի համաշխարհային գները հոկտեմբերին կտրուկ աճել են՝ հասնելով վերջին 18 ամիսների ընթացքում իրենց ամենաբարձր մակարդակին։
FAO-ի տվյալներով՝ պարենային ապրանքների գների ինդեքսի միջին արժեքը կազմել է 127,4 կետ, ինչը 2%-ով գերազանցում է սեպտեմբերի մակարդակը և 5,5%-ով բարձր է մեկ տարի առաջվա արժեքից։
Հիմնական գործոններից մեկը եղել է բուսական յուղի գների կտրուկ աճը. ամսվա ընթացքում բուսական յուղերի գների ինդեքսն աճել է 7,3%-ով և հասել վերջին երկու տարում առավելագույնի, հաղորդում է «Ագրոէքսպորտը»։
Շաքարավազի գների ինդեքսն աճել է 2.6%-ով, կաթնամթերքինը՝ 1.9%-ով, հացահատիկին՝ 0.9%-ով։ Հակառակ ընդհանուր աճի միտումի՝ մսի գների ինդեքսը սեպտեմբերյան արժեքի համեմատ նվազել է 0.3%-ով՝ հիմնականում խոզի մսի գների անկման հետևանքով։