Չեխիայի Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի առաջնության գլխավոր իրադարձությունը դարձավ 12-ռաունդանոց մենամարտը՝ հայ մարզիկ Յուրի Սաքունցի մասնակցությամբ: Նրա մրցակիցը ազգությամբ թուրք բռնցքամարտիկ Ռիչարդ Ալկանն էր, իսկ խաղի արդյունքը որոշում էր Չեխիայի չեմպիոնական գոտու տիրոջը:
Յուրի Սաքունցը վստահորեն ղեկավարում էր մենամարտը՝ ցույց տալով իր գերազանցությունը ռինգում: Չորրորդ ռաունդում նրա մրցակիցը չկարողացավ շարունակել պայքարը, և մրցավարը հայտարարեց տեխնիկական նոկաուտ:
Այդպիսով, Յուրին ոչ միայն տպավորիչ հաղթանակ տարավ, այլև Չեխիայի չեմպիոնական գոտին նվիրեց Հայաստանին:
Իր հաղթանակը Յուրի Սաքունցը նվիրեց լեգենդար հայ մարտական «Արաբո» ջոկատի անձնվեր զինվորներին և ամբողջ հայ ժողովրդին՝ ընդգծելով ազգային միասնության և հայրենիքի նկատմամբ հոգատարության կարևորությունը:
Յուրի Սաքունցի նվաճումների շարքում են ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոնի, բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի, ձեռնամարտի աշխարհի չեմպիոնի և ուժային պայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները:
Նա բազմիցս ապացուցել է իր անհավանական ուժը՝ քաշելով 60-տոննանոց մետրոյի վագոններ և անգամ 40-տոննանոց ռազմական մեքենա՝ տանկով բարձված: Յուրիի ութ նվաճում Գինեսի գրքում են գրանցվել:
Չեխիայում հաղթանակը Յուրի Սաքունցի բացառիկ տաղանդի և անկոտրում ոգու ևս մեկ ապացույցն է: