Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները. ԿԳՄՍՆ

 

ԿԳՄՍ նախարարությունը progressarmenia. com -ին տեղեկացնում է  որ ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ միջոցառումն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացում երիտասարդների ներգրավմանը, ինչպես նաև գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը: Նախարարը հիշեցրել է՝ բոլորովին վերջերս Կառավարության նիստում հավանության է արժանացել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝  սա մեծագույն ձեռքբերում է, և օրենքի առկայությունը հնարավորություն է ընձեռելու նորովի խրախուսել երիտասարդների նախաձեռնողականությունը և մասնակցայնությունը պետության համար ամենակարևոր ուղղություններում ու ծրագրերում:

«Վստահ եմ՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կշարունակի իր տեղը զբաղեցնել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքից բխող գործիքակազմում, քանի որ այն խրախուսում է միտքը: Միայն միտքն է, որ մեզ օգնում է հաղթահարել այսօրվա մարտահրավերներն ու աճող բարդությունները: Պետք է ամեն կերպ խրախուսենք մեր քաղաքացիների ստեղծագործականությունը, նախաձեռնողականությունը, մտքի աշխատանքը: Ուրախ եմ, որ այս մրցույթը դառնում է լավ հարթակ գաղափարներ ներկայացնելու, դրանք քննարկելու և նաև իրականացնելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմկոմիտեին, փորձագիտական հանձնաժողովի անդամներին, գործընթացում ներգրավված կառույցներին և անհատներին։

ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է՝ այս մրցույթով ապահովվում է պետական մյուս քաղաքականությունների, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումների հետ ներդաշնակությունը, որտեղ նոր չափորոշչով 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից. «Կարծում եմ՝ մրցույթին 16-18 տարեկան երիտասարդների մասնակցությունը կարող է էապես օգնել նաև հանրակրթության բարեփոխումների այս կարևոր նախաձեռնության խրախուսմանը: Սա նախարարության համար կարող է նաև հավելյալ ցուցանիշ լինել դպրոցներում կարողունակությունների գնահատման առումով, քանի որ հնարավորություն կունենանք տեսնելու, թե մեր դպրոցահասակ երեխաները որքանով են ակտիվ նախագծերի իրականացման և իրենց գաղափարների ներկայացման ուղղությամբ»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մրցույթի անվանակարգերն ամեն տարի ընտրվում են՝ հաշվի առնելով ընթացիկ տարում առկա մարտահրավերներն ու պետության առաջնահերթությունները: Նախարարը փաստել է՝ տարեցտարի ավելանում է հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ, որի մասին վկայում է ստացված հայտերի ավելացումը:

«Այս տարի ստացել ենք շուրջ 60 հայտ: Հետաքրքրական է, որ առավել շատ հայտեր ստացվել են «Կանաչ տնտեսություն» անվանակարգի համար, ինչը փաստում է, որ մեր երիտասարդների շրջանում մեծ է հետաքրքրությունը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերների նկատմամբ: Այսօր թե՛ Հայաստանը, թե՛ աշխարհը բախվում են բազում խնդիրների, և կարևոր է, որ մեր երիտասարդներն ուշադիր են նաև այս խնդիրների նկատմամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի մասնակիցներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Փոխնախարարն ընդգծել է՝ մրցույթի հաղթողները հնարավորություն ունեն մասնակցելու նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթին, որը տեղի է ունենում 2 տարվա պարբերականությամբ: Լավագույն գաղափարները դիտարկվում են ԱՊՀ կազմկոմիտեի եզրափակիչ փուլի համար, և լավագույն հայտերն արժանանում են տարածաշրջանային մրցանակի:

2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:

Միայն «Մանկավարժական տեխնոլոգիաներ» անվանակարգում մասնակիցները չեն հաղթահարել սահմանված չափանիշների շեմը, այդ իսկ պատճառով «Կանաչ տնտեսություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2 հայտ:

Մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամների համատեղ նիստի արդյունքներով 5 անվանակարգերում հաղթող նախագծերն են՝

  • «Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ» անվանակարգ. «STEAM հետազոտող/STEAM Explorer», հեղինակ՝ Մարիամ Մարտիրոսյան
  • «Ռազմական անվտանգություն» անվանակարգ. «Մեքենայական ուսուցման կիրառությունը ռադարային թիրախների դասակարգման համար», հեղինակ՝ Վրույր Գրիգորյան,
  • «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» անվանակարգ. «Զարկ», հեղինակ՝ Վիգեն Խաչատրյան,
  • «Կանաչ տնտեսություն» անվանակարգ. «Կանաչ տնտեսության նորարարական լուծումներ գյուղատնտեսական թափոնների հենքով համակցված ազդեցության կենսաքայքայվող բաղադրակազմեր», հեղինակներ՝ Տիգրան Սողոմոնյան, Սամվել Բաղդասարյան,
  • «Կանաչ տնտեսություն» անվանակարգ. «Ժամկետանց և ոչ պիտանի դեղամիջոցների պատշաճ հավաքագրման, պահեստավորման և հետագա վնասազերծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում», հեղինակներ՝ Մանե Սահրադյան, Փերի Ղուկասյան, Անգելինա Հարությունյան:

Հաղթած գաղափարների հեղինակները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը հնարավորության համար՝ շեշտելով, որ հաղթանակը մոտիվացնող և պարտավորեցնող է:

Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր են հանձնվել նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամներին:

 

 

Spread the love