AMAA Հայաստանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները.ԿԳՄՍՆ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA) ներկայացուցիչներին՝ AMAA Հայաստանի տնօրեն Արեն Դեյիրմենջյանի գլխավորությամբ:

AMAA-ի կրթական գործունեության շրջանակում Երևանում գործում է միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան և անվճար Ավետիսյան դպրոցը, մանկապարտեզ, ցերեկային կենտրոններ, ամառային ճամբարներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ոչ պետական կրթական հաստատությունների և պետական քաղաքականություն իրականացնող մարմինների միջև արդյունավետ երկխոսության ապահովումը:

Արեն Դեյիրմենջյանը տեղեկացրել է՝ Ավետիսյան դպրոցում ներկայում ընթանում են քննարկումներ գյուղատնտեսական կրթական ծրագրերի ներդրման, ինչպես նաև մի շարք այլ մասնագիտական ծրագրերի շուրջ՝ արտասահմանյան լավագույն կրթական հաստատությունների հետ համատեղ: AMAA Հայաստանի տնօրենի խոսքով՝ նպատակ ունեն կրթական այս մոդելը տարածել նաև ՀՀ մարզերում և Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում՝ հիմնելով նմանօրինակ կրթական հաստատություններ։

Առաջին նման կենտրոնը նախատեսում են հիմնել Վարդենիսում։

Արեն Դեյիրմենջյանն ընդգծել է՝ ցանկանում են կրթական ոլորտի զարգացմանը նպաստել պետության հետ համատեղ, որպեսզի իրենց նախաձեռնություններն առավելագույնս համապատասխանեն պետության տեսլականին և ՀՀ-ում կրթական բարեփոխումներին:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է նմանօրինակ նախաձեռնությունն ու պետական քաղաքականության հետ համապատասխանեցումը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել դիտարկելու ծրագրի շուրջ համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բովանդակային ծրագրերին: ԿԳՄՍ նախարարը կարևորել է՝ կրթական և առարկայական բոլոր ծրագրերը պետք է համապատասխանեն Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 

Spread the love