«Ռուսական արվեստի թանգարանի համար տարին հագեցած էր, և թանգարանը պատվով է կատարել իր առաքելությունը»․ Ալֆրեդ Քոչարյան

Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) համար 2024 թվականը նշանավորվել է հոբելյանական երկու կարևորագույն իրադարձությամբ. թանգարանում տեղի է ունեցել հոբելյանական տարվա ամփոփիչ միջոցառումը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Ներկաներին ողջունել նաև Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ Ռուսական արվեստի թանգարանի համար 2024 թվականը նշանավորվել է թանգարանի հիմնադիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության ականավոր ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի ծննդյան 125 և թանգարանի հիմնադրման 40-ամյա հոբելյանների նշմամբ։
«Ռուսական արվեստի թանգարանի համար տարին հագեցած էր, և թանգարանը պատվով է կատարել իր առաքելությունը։ Այս համատեքստում ուզում եմ առանձնացնել Տրետյակովյան պատկերասրահի հետ իրականացված հոբելյանական ծրագիրը, քանի որ միջազգային համագործակցությանն ուղղված բոլոր նախաձեռնությունները նախարարության ուշադրության կենտրոնում են։ Վստահ եմ, որ նման ծրագրերի միջոցով թանգարանը լուրջ զարգացում է ապրում՝ հանրահռչակելով մեր մշակութային ժառանգությունը միջազգային ասպարեզում»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկեր կազմակերպություններին, մասնավորապես՝ «Կերոն» զարգացման հիմնադրամին շարունակական համագործակցության համար։
Հոբելյանական տարվա ընթացքում համատեղ իրականացրած նախագծերի կապակցությամբ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ԿԳՄՍ նախարարության պատվոգրով պարգևատրել է «Կերոն» հիմնադրամի հիմնադիր Մարիետա Գևորկյանին: Թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա բարեխիղճ գործունեության համար ԿԳՄՍՆ պատվոգրով պարգևատրվել են նաև Ռուսական արվեստի թանգարանի մի խումբ աշխատակիցներ։
Հոբելյանական ամփոփիչ միջոցառման շրջանակում նախարարի տեղակալը շրջայց է կատարել թանգարանում և դիտել նորացված ցուցադրությունը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև հոբելյանական ցուցահանդեսների շրջանակում հրատարակված պատկերագրքերը, որոնք տրամադրվել են նաև մշակութային կառույցներին։
Նշենք, որ Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) հոբելյանական տարին մեկնարկել է 2023 թվականին, որի ընթացքում թանգարանն այցելուներին ներկայացել է վերանորոգված և նորացված մշտական ցուցադրությամբ։ Կարևորագույն միջոցառումները մեկնարկել են 2024 թվականին․ Ռուսական արվեստի թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի համագործակցության շնորհիվ հունիսի 4-ից օգոստոսի 12-ը Տրետյակովյան պատկերասրահում տեղի է ունեցել «Մոսկվա-Երևան-Մոսկվա» ցուցահանդեսը` նվիրված Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի 125-ամյակներին: Ցուցահանդեսին ներկայացված էր Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի 49 ստեղծագործություն։ Ցուցահանդեսը կյանքի է կոչվել երկու թանգարանների համատեղ աշխատանքի շնորհիվ, որը միջպետական, միջթանգարանային համագործակցության կարևոր դրսևորում է։
Այս ցուցահանդեսի շրջանակում լույս է ընծայվել նաև «Մոսկվա-Երևան-Մոսկվա» պատկերագիրքը, որը պատրաստվել և հրատարակվել է Պետական Տրետյակովյան պատկերասրահի կողմից՝ Ռուսական արվեստի թանգարանի համագործակցությամբ: Նոր արխիվային փաստաթղթերի, մենագրությունների, բանահավաքության շնորհիվ պատկերագրքում առաջին անգամ ներկայացվում է հավաքածուի ստեղծման ամբողջական պատմությունը։
Երկու թանգարանների համագործակցության շրջանակում հուլիսի 26-ին Պետական Տրետյակովյան պատկերասրահում տեղի է ունեցել Ռուսական արվեստի թանգարանի հիմնադիր Ա. Աբրահամյանին նվիրված հուշ-երեկո, որի ընթացքում ներկայացվել է վերջինիս կերպարը` որպես զինվոր, բժիշկ, պրոֆեսոր, գիտնական, հասարակական գործիչ, կոլեկցիոներ։
Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդեսին զուգահեռ Երևանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել է «Արվեստի ասպետը. Արամ Աբրահամյան» խորագրով ցուցահանդես` նվիրված Արամ Աբրահամյանի 125 և Ռուսական արվեստի թանգարանի 40-ամյակներին։ Ցուցադրությունում լուսանկարների, փաստաթղթերի և անձնական իրերի միջոցով ներկայացվել են պրոֆեսորի կյանքը և գործունեությունը, ինչպես նաև Ռուսական արվեստի թանգարանի ստեղծման պատմությունը։ Ցուցահանդեսի շրջանակում տպագրվել է պատկերագիրք։

Spread the love