Ջրառատն ու Կաթնաղբյուրը շուտով մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ կունենան

Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ շուտով Ջրառատն ու Կաթնաղբյուրը կունենան մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ:

ՀՀ կառավարության՝ «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Ներկա փուլում երկու դպրոցների պատերը հիմնականում շարված են, ավարտվել են նաև շենքերի բետոնե ծածկերի տեղադրման աշխատանքները:

Ջրառատում տանիքը և պատուհանները մասսամբ տեղադրվել են, որոշ աշխատանքներ են կատարվել նաև ներսի հատվածում, իսկ Կաթնաղբյուրում ընթացքի մեջ է նախագծով նախատեսված ապաստարանի կառուցման աշխատանքները:

Ըստ շինարարների, դպրոցները սահմանված ժամկետում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հանձնվելու են շահագործման:

Հատկանշական է, որ մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես կրթարաններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:

Կազմեց՝ Կարինե Սարգսյանը

Spread the love