ՏՀՏ-ն կրթության մեջ. ԿՏԱԿՆ-ն ամփոփել է տարին

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովին, որը կազմակերպել էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:

Խորհրդաժողովին մասնակցել են մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ արդեն ավանդական դարձած այս միջոցառումը լավ հնարավորություն է ոչ միայն անդրադառնալու ԿՏԱԿ-ի կողմից իրականացված գործընթացներին, այլև, առհասարակ, ամփոփելու արված աշխատանքները, նախանշելու առաջիկա անելիքները և խոսելու առկա խնդիրների մասին:  «Այս ուսումնական տարում երկու կարևոր գործընթաց ունեինք, որոնք թվայնացման հետ ուղղակիորեն կապ ունեին. դրանցից մեկը թեմատիկ և դասի պլանների թվայնացումն էր, իսկ երկրորդը՝ դպրոցների ֆինանսավորումը: Այս երկու ուղղություններով էլ խնդրահարույց իրավիճակներ եղան. հուսով եմ, որ բովանդակային բաղադրիչի, այն է՝  թեմատիկ և դասի պլանների հետ կապված հարցերը կարգավորվել են, և ուսուցիչները որևէ դժվարության չեն հանդիպում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով ուսուցիչների ստեղծագործական մոտեցումն ու ինքնուրույնությունը դասերի կազմակերպման գործընթացում:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ֆինանսավորման գործընթացի կարգավորման, տեղեկատվական համակարգում ամբողջական տվյալների մուտքագրման, պլանավորված և փաստացի բաշխված ժամերի համապատասխանելիության, թափուր հաստիքների տեսանելիության հստակեցման և այլ հարցերի կարևորությանը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքակազմի մասին խոսելիս նա նշել է, որ ըստ ՀՄԿ-ի տվյալների՝ կարիքի գնահատում անցած երեխաների տվյալներն արդեն իսկ մուտքագրված են համակարգ: Նրա խոսքով՝ ֆինանսավորման բանաձևում ներառականության արդյունավետության բարձրացմանն ուղղված տողեր կան, մասնավորապես՝ խելամիտ հարմարությունների տրամադրումը և մատչելիության ապահովումը, որոնք արվում են կարիքի գնահատման հիման վրա:

Արաքսիա Սվաջյանն առանձնակի կարևորել է պաշարների շտեմարանում անձնական տվյալների մուտքագրման բացառումը, տեղադրված նյութերի կիրառելիությունն ու, ըստ անհրաժեշտության, հրապարակումը:

«Հաճախ որևէ նյութ տեղադրելիս դրանով անուղղակիորեն հրապարակում ենք նաև երեխաների անձնական տվյալները, ինչն անթույլատրելի է և պետք է հետևողականորեն բացառել: Առահասարակ, պաշարների շտեմարանում տեղադրվող նյութերը ևս պետք է մոնիթորինգի ենթարկել՝ հասկանալու,թե այդ մեծածավալ տեղեկատվությունը որքանով է ծառայում նպատակին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Կամավոր ատեստավորման գործընթացին անդրադառնալով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է մինչև տարեվերջ նախատեսվող ուսուցիչների մասնագիտական զարգացման ենթահամակարգի գործարկումը, ինչը հստակ ցույց կտա ուսուցիչների  մասնագիտական զարգացման ընթացքի ամբողջական պատկերն ու վիճակագրությունը: Այն, ըստ Արաքսիա Սվաջյանի, մոնիթորինգի լուրջ է համակարգ է դառնալու:

Խորհրդաժողովում քննարկվել են ՏՀՏ վերապատրաստումների, «Իթվինինգ» և նախագծային ուսուցման, մենթոր դպրոցների, կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ենթահամակարգերի վերաբերյալ հարցեր:

 

 

Spread the love