«Գլոբալ թու Լոքալ» ՀԿ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ նկարահանել է «Որոշում» խորագրով ինտերակտիվ ֆիլմ դպրոցական բուլինգի մասին: Այն պատմություն է դեռահաս տղայի և նրա որոշումների մասին, որոնք ցույց են տալիս նրան իր յուրաքանչյուր քայլի հետևանքները։ Ֆիլմը դրական կարծիքի է արժանացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ), մասնավորապես` Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կողմից։ Համաձայն գնահատականի՝ ֆիլմը համապատասխանում է Հանրակրթական պետական չափորոշչի (ՀՊՉ) պահանջներին, կարևոր հայալեզու ռեսուրս է, որը կարող է նպաստել դպրոցական բուլինգի կանխարգելմանը և աջակցել խնդրի լուծմանը:
Նպատակ ունենալով սովորեցնել դպրոցական երեխաներին, թե ինչպես վարվել և ինչպիսի որոշումներ կայացնել, երբ բախվում են բուլինգի իրավիճակներին` նոյեմբերի 22-ին «Գլոբալ թու Լոքալ» ՀԿ-ն ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ֆիլմի ցուցադրություն-քննարկում անցկացրեց Վայոց ձորի Աղավնաձորի միջնակարգ դպրոցում: Դիտմանը մասնակցում էին ավելի քան 70 աշակերտներ և ուսուցիչներ ոչ միայն Աղավնաձորի, այլև Արենիի, Արփիի, Չիվայի դպրոցներից։
«Գլոբալ թու Լոքալ» ՀԿ-ն հաստատակամ է, որ յուրաքանչյուր երեխա ունի ազատ և անվտանգ մանկություն ունենալու իրավունք։
Այսպիսով, ֆիլմի մարզային արշավը սկսված է․ առաջիկայում կհանդիպենք Հայաստանի տարբեր անկյուններում։
Լրատվություն