Անհրաժեշտ է, որ ամեն քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի. ՀՀ ՄԻՊ-ը՝ Մարտունու համայնքապետին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ:

Քննարկվել են համայնքում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:

Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է մարզպետների, համայնքների ղեկավարների հետ արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ կարող են ստանալ և հաճախ ստանում են արագ լուծումներ:

«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի շրջանակում արձանագրում ենք մի շարք խնդիրներ, որոնք տարաբնույթ են: Այս համատեքստում կարևորում եմ արդյունավետ համատեղ աշխատանքը, ինչի շնորհիվ խնդիրները կարող են արագ ստանալ իրենց լուծումները: Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար իրավունքների իրացման պատշաճ համակարգ գործի»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում կբարձրացնի քննարկված հարցերն` առաջարկելով դրանց համար լուծումներ:

Spread the love