ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով:
Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է հատկացվել առավելագույնը 26 322 000 ՀՀ դրամ (քսանվեց միլիո երեք հարյուր քսաներկու հազար): Նախատեսվող գումարները ներառում են բոլոր հարկերն ու տուրքերը։
Առաջարկվող երիտասարդական կենտրոնի տարածքը կարող է լինել ինչպես համայնքապատկան, այնպես էլ մասնավոր կամ սեփական տարածք:
Երիտասարդական կենտրոնում պետք է իրականացվի արհեստավարժ երիտասարդական աշխատանք՝ ուղղված 13-18 տարեկան պատանիների և 18-35 տարեկան երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդների մասնակցության ապահովմանը և որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը՝ ներառելով աշխատանքից և ֆորմալ կրթությունից դուրս մնացած երիտասարդներին:
Երիտասարդական կենտրոնը պետք է ապահովի համայնքում բնակվող բոլոր երիտասարդների՝ կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հասանելիությունը: Երիտասարդական կենտրոնի տարածքը պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին:
Երիտասարդական կենտրոնի առաջիկա 5 տարիների գործունեությունը պետք է ապահովվի սոցիալական ձեռնարկատիրությունից ստացված եկամուտի հիման վրա: Հաղթող ճանաչված մասնակցի/մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված հաջորդող հինգ տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրում/ծրագրերում, յուրաքանչյուր տարվա կտրվածքով ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի յուրաքանչյուր ծրագրում առնվազն 200 երիտասարդ։
Հաղթող ճանաչված մասնակիցը/մասնակիցները դրամաշնորհային հայտով ներկայացված հաջորդող հինգ տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրի/ծրագրերի հաջորդող յուրաքանչյուր տարվա ավարտին պարտավորվում է/են իրականացնել ծրագրի ազդեցության վերլուծություն՝ նշելով ծրագրին մասնակից երիտասարդների թիվը, միջոցառմանն ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց թվաքանակը, միջոցառման իրականացման տարածքային ընդգրկվածությունը, միջոցառման արդյունքի հասանելիությունը տարբեր հարթակներում և այլն:
Հաշվի առնելով երիտասարդական ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված ՀՀ մարզերում տարբեր ենթակառուցվածքների առկայությունը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը՝ մրցույթի շրջանակում չեն ընդգրկվում այն մարզային համայնքները, որտեղ առկա են պետական բյուջետային միջոցներով ստեղծված երիտասարդական ենթակառուցվածքներ:
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման չափանիշներին.
- առնվազն 3 տարվա երիտասարդական կազմակերպության կառավարման փորձառություն (սոցիալական ձեռնարկատիրական (այսուհետ՝ ՍՁ) մոդելով երիտասարդական աշխատանքի կազմակերպման փորձառության առկայությունը կդիտվի առավելություն),
- ծրագրի աշխատակազմի փորձառություն (ծրագրի աշխատակազմի երիտասարդական աշխատանքի 3 տարվա փորձառությունը կդիտվի առավելություն),
- սոցիալական ձեռնարկատիրական մոդելի առկայություն,
- կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ տարածք (երիտասարդական կենտրոնի տարածքը պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին):
Որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
- երիտասարդական կազմակերպության առնվազն 3 տարվա գործունեությունը հավաստող փաստաթուղթ/ տեղեկանք կամ այլ փաստագրական տվյալ:
- ծրագրի աշխատակազմի փորձառությունը հավաստող փաստաթղթեր կամ ինքնակենսագրականներ, որտեղ պետք է արտացոլվի երիտասարդական աշխատանքի փորձառությունը:
- ՍՁ մոդելի նկարագրությունը, որը պետք է ապահովի երիտասարդական կենտրոնի առնվազն առաջիկա 5 տարիների գործունեությունը:
- Համայնքի ղեկավարի կողմից գրավոր հավաստում այն մասին, որ համայնքային իշխանությունը պատրաստակամ է աջակցել Կազմակերպությանը և մտադիր է առնվազն 10 տարի ժամկետով տրամադրել տարածք անհատույց օգտագործման պայմանով, կամ արդեն իսկ անհատույց օգտագործման իրավունքով կազմակերպությանը հանձնած տարածքի վերաբերյալ պայմանագիր և համայնքի ղեկավարի կողմից կենտրոնի գործունեությանը աջակցելու պատրաստակամությունը հավաստող գրավոր հավաստում կամ մասնավոր կամ կազմակերպության սեփականություն հանդիսացող տարածք և Համայնքապետարանի հետ կնքած համագործակցության հուշագիր առնվազն 10 տարի ժամկետով, որում կերևա համայնքապետարանի և կազմակերպության հստակ գործառույթները, որոնք երկու կողմերը պարտավորվում են իրականացնել ստեղծվող երիտասարդական կենտրոնի բնականոն և արդյունավետ գործունեությունը ապահովելու համար:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps համակարգի միջոցով մինչև 2025 թվականի հունվարի 8-ը` ժամը 14:30-ն։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետի լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։
Lրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Արմենուհի Պետրոսյանին, hեռախոս՝ +(37410 599643), Էլ. փոստ՝ armenuhi.petrosyan@escs.am: