«Մեր համատեղ աշխատանքի արդյունքում շահելու են երեխաները». 110 երեխա Այգեվանում այսուհետ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունի

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այսօր Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղում շուրջ 110 սաների համար բացվել է մոդուլային տիպի մսուր մանկապարտեզ:

Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին մանկապարտեզի՝ որպես երեխաների կրթության հնարավորության նոր միջավայրի ստեղծման առիթով և նշել. «Շատ ուրախ եմ, որ այսուհետ 100-ից ավելի երեխաներ ամեն օր լինելու են զարգացնող, իրենց աճին նպաստող, առօրյան որակապես փոխող միջավայրում: Կառավարության 500 մանկապարտեզի ծրագիրը մեզ համար հատուկ նշանակություն ունի՝ նախադպրոցական կրթությունն առանձնակի կարևորելու տեսանկյունից: Ինչքան ավելի վաղ տարիքից են երեխաներն ունենում կրթության մեջ ընդգրկվելու հնարավորություն, այնքան ավելի բարձր արդյունքներ են նրանք գրանցում իրենց հետագա տարիներին: Վստահ եմ՝ Այգեվանի մանկապարտեզում ևս որակյալ արդյունքներ ենք ունենալու»:

Նախարարը շեշտադրել է նաև նոր միջավայրի պահպանության և զարգացման կարևորությունը՝ այն համայնքի բնակիչների ջանքերով ևս միասնաբար խնամելու և գյուղի յուրաքանչյուր երեխայի ամենասիրելի վայրը դարձնելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նաև մանկապարտեզի աշխատակիցներին՝ ընդգծելով մասնագիտական զարգացման նոր հնարավորությունները: «ԿԳՄՍ նախարարությունը ջանք չի խնայում նպաստելու նաև նախադպրոցական կրթության մանկավարժների մասնագիտական զարգացմանն ու առաջընթացին: Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքի արդյունքում շահելու են երեխաները»,- նշել է նախարարը՝ աշխատակիցներին հորդորելով մասնակցել տարակարգի շնորհման գործընթացին և ունենալ հավելավճար ստանալու հնարավորություն:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը կարևորել է, որ համայնքում մանկապարտեզ է բացվում 30 տարվա դադարից հետո՝ ընդգծելով, որ հաջորդ տարի սաների թիվն ավելին է լինելու:

Ներկաներին շնորհավորել է նաև Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը:

 

Spread the love