«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». հանդիսատեսի համակրանք անվանակարգի համար կանցկացվի առցանց քվեարկություն

 

Ինչպես տեղեկացնում է ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը՝ մի շարք անվանակարգերով՝ ըստ 2024 թվականի արդյունքների մարզաշխարհի լավագույններին որոշելու նպատակով:

Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվելու է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվելու է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կկարողանա մասնակցել միայն մեկ անգամ:

Քվեարկությունը մեկնարկելու է մրցույթի մասնակիցների անվանացանկերը ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում հրապարակվելուց անմիջապես հետո: Մրցույթի կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը մրցույթի մասնակիցների անվանացանկերը տրամադրելու է նախարարությանը, որն էլ մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ հրապարակվելու է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում:

Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես:

Հիշեցնենք՝ հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների ամբողջական ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝

ա. լավագույն 3 մարզիկներ,

բ. լավագույն կին մարզիկ,

գ. հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,

դ. լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),

ե. լավագույն երիտասարդ մարզիկ,

զ. վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,

է. Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,

ը. լավագույն մարզիչ,

թ. հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:

 

 

Spread the love