ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է վերանորոգված ՏՄԱԿ-ում, ծանոթացել պայմաններին:
Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին ամրակցված են Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 119 ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ և միջին մասնագիտական հաստատություններ: Կենտրոնի ծառայությունները կրթական գործընթացի մասնակիցներին տրամադրվում են չորս հիմնական ուղղություններով՝ հարմարեցված և մատչելի միջավայրի ստեղծում, խելամիտ հարմարեցումների տրամադրում, կրթության մատչելիություն, ներառականություն, որակի ու արդյունավետության բարձրացում, սովորողի անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) սահմանված աջակցության ծառայությունների տրամադրում:
«Վստահ եմ՝ նոր միջավայրն ավելի է քաջալերելու և ոգևորելու աշխատակիցներին, որպեսզի նրանք ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերեն և ջանքեր ներդնեն այս բարդ աշխատանքն իրականացնելիս»,- շնորհավորելով ներկաներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նա արժևորել է նաև կառույցի հնգամյա գործունեությունը՝ արձանագրելով, որ փոփոխություններն ու հաջողությունները նկատելի են, և տարեցտարի աշխատանքներն առավել արդյունավետ են կազմակերպվում:
Նշենք, որ Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը վերանորոգվել է մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակում:
«Թեև ՀՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում ինչպես ուսումնական հաստատություններում, այնպես էլ դրանք սպասարկող կառույցներում կապիտալ աշխատանքների համատեքստում, այդուհանդերձ, շատ է կարևորվում նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, որը գալիս է օժանդակելու բազմաթիվ խնդիրների լուծմանը և պետական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը»,- նշել է նախարարի տեղակալը: