Մեքենաներից գողությունները բացահայտվեցին տաք հետքերով.(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում նոյեմբերի 21-ին տարբեր քաղաքացիներից մեքենաներից գողության մասին հաղորդումներ ստացվեցին։ Գողացել էին կողային հայելիների ապակիներ, նիկելապատ և այլ դետալներ։

ՀԿՀ ավագ տեսուչ Գևորգ Մինասյանի խոսքով՝ «Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է 34-ամյա մի երիտասարդ, որը մշտական բնակության վայր չունի»:

Մինչ իրավապահները կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ, ստացվեց ևս մեկ տեղեկություն, որ տվյալ քաղաքացին գողոնը փորձում է իրացնել մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում։ Անմիջապես մեկնելով նշված հասցե՝ համայնքային ոստիկանները երիտասարդին ձերբակալել և, գողոնով հանդերձ, տեղափոխել են բաժին։

Պարզվել է, որ նա գողության հատկանիշներով նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթով գտնվում է հետախուզման մեջ։

Երիտասարդը խոստովանել է նաև, որ նոյեմբերին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կայանված շուրջ 25 մեքենայից կատարել է նմանատիպ գողություններ։

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Երիտասարդը կալանավորվել է։

Գողության մասին նմանատիպ հաղորդումներ ստացվեցին նաև օրեր անց։ Դարձյալ գողացել էին մեքենաների կողային հայելիների ապակիներ։

Ձեռնարկվեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու համար: Շուտով Մալաթիայի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ գողությունները կատարել է մայրաքաղաքի Մանանդյան փողոցի 27-ամյա բնակիչը։ Նա ձերբակալեց և, գողոնով հանդերձ, ներկայացվեց Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։

 

Spread the love