ՄՊՀ-ն ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների հակամրցակցային համաձայնության համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունների, ««Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերություններ»  անձանց խմբի նկատմամբ կիրառել է համապատասխանաբար 392 484 000, 324 110 000, 206 223 000 և 155 546 000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար։

Վարույթի շրջանակներում արձանագրվել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ընկերությունները գները փոփոխել են նույնանման՝ անկախ  այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։

         Ընկերությունների անուղղակի հակամրցակցային համաձայնության վարքագիծն առավել վառ դրսևորվել է 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր և 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նրանք  միաժամանակ՝  նույն օրը կամ մինչև երկու օրվա տարբերությամբ, բարձրացրել և իջեցրել են ԱԻ-92 տեսակի բենզինի մանրածախ իրացման գներն այն դեպքում, երբ նրանց ծախսերը միմյանցից տարբերվել են։ Ավելին, եղել են դեպքեր, երբ ընկերությունների ինքնարժեքի իջեցումը զուգակցվել է իրացման գնի բարձրացմամբ  և հակառակը։

Spread the love