Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա». վերապատրաստում մրցաշարի կազմակերպման նպատակով

 

2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվեն «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
մարզական խաղերը՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի
քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:
Լիգայի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ
և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ դեկտեմբերի 21-ին Երևանի օլիմպիական
հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է վերապատրաստման երկօրյա սեմինար-
խորհրդակցություն՝ մարզպետարանների պատասխանատուների, Երևանի քաղաքապետարանի և վարչական
շրջանների շուրջ 70 ներկայացուցիչների համար, որոնք իրենց բնակավայրերում իրականացնելու են
մրցաշարի համայնքային և մարզային փուլերի կազմակերպչական աշխատանքները:
Վերապատրաստումն իրականացրել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փորձառու մրցավարները և
մասնագետները՝ ներկայացնելով մրցաշարի անցկացման կարգը, դպրոցական բասկետբոլի կանոնները և
մրցավարական նրբությունները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ԵՕՀՊՄ
քոլեջ, ողջունել վերապատրաստման մասնակիցներին և հետևել գործընթացին: Ժաննա Անդրեասյանն
ընդգծել է լիգայի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացման
կարևորությունը:
«Խաղային մարզաձևերը, վստահ ենք, երեխաների շրջանում զարգացնում են շատ տարբեր հմտություններ,
թիմային աշխատանքի ունակություն, ինչպես նաև խթանում են առողջ ապրելակերպն ու ֆիզիկական
ակտիվությունը: Խաղային մարզաձևերի զարգացման նպատակով նմանօրինակ մրցաշարերի անցկացումը
մեր քաղաքականության կարևոր մասն է: Ցանկանում ենք իսկապես շատ բարձր որակի մրցաշար
անցկացնել, որտեղ ամեն ինչ տեղի կունենա արդարության և ազնիվ խաղի տրամաբանությամբ»,- ասել է
ԿԳՄՍ նախարարը՝ ներկաներին հորդորելով մեծ ուշադրություն դարձնել մրցաշարի կազմակերպման
որակին:
Ժաննա Անդրեասյանը շեշտել է նաև դպրոցների պատշաճ մասնակցության, այդ թվում՝ դպրոցներում
թիմերի ձևավորման արդար պայմանների ու երեխաների ընտրության թափանցիկ գործընթացի
կարևորությունը. «Բացառապես բոլոր երեխաները պետք է տեղեկացված լինեն մասսայական մրցաշարերի
անցկացման մասին, հնարավորություն ունենան փորձելու իրենց ուժերն ու մասնակցելու, իսկ թե
վերջնարդյունքում ովքեր կընդգրկվեն դպրոցական թիմերում, կորոշվի մասնագիտական ընտրությամբ։
Նույնը վերաբերում է այլ մարզաձևերից անցկացվող մասսայական միջոցառումներին, «ՀՀ վարչապետի
գավաթ» սիրողական մրցաշարերին: Պետք է բացառել այնպիսի իրավիճակները, երբ որևէ երեխա ի

սկզբանե դուրս մնա գործընթացից, կամ միայն կոնկրետ մարդիկ իրազեկված լինեն ու կարողանան
մասնակցել: Խնդրում եմ նմանօրինակ հարցերին մեծ ուշադրություն դարձնել»:
Նշենք՝ մինչև 50 աշակերտ ունեցող դպրոցներին հնարավորություն կընձեռվի երեք դպրոցով մեկ
միասնական թիմ ձևավորել: Սա, նախարարի խոսքով, արվել է բոլոր դպրոցներին մասնակցության
հնարավորություն ընձեռելու նպատակով:
«Ցանկանում ենք, որ երեխաները սպորտը դիտարկեն որպես իրենց կյանքի և գործունեության կարևոր
բաղադրիչներից մեկը: Տեսնում ենք, թե ֆիզիկական ոչ բավարար ակտիվությունն ինչպես է ազդում
դպրոցահասակ երեխաների առողջության վրա: Ձեզ հետ միասին ունենք հանձնառություն՝ խրախուսելու և
զարգացնելու մեր երեխաների ֆիզիկական ակտիվությունը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը կանցկացվեն 2 տարիքային խմբով՝ 10-12
տարեկան (5-րդ-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-րդ-9-րդ դասարաններ) դպրոցականնների
թիմերի միջև 4 փուլով՝ համայնքային, մարզային, միջմարզային և եզրափակիչ: Վերջին՝ եզրափակիչ
փուլին, 30 թիմ կմասնակցի: Մրցումների փուլերի անցկացման ժամանակացույցը, ինչպես նաև
մասնակիցների հայտերը ԿԳՄՍ նախարարություն պետք է ներկայացվեն մինչև 2025 թվականի հունվարի
20-ը:
Մրցաշարի համայնքային փուլը կմեկնարկի 2025 թ. փետրվար-մարտ ամիսներին:

Spread the love