Հայաստանը տաղանդների մրցունակության ինդեքսով առաջ է Թուրքիայից և Ադրբեջանից, սակայն զիջում է առաջատար երկրներին

Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսի 2023 թ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 55-րդն է 134 երկրների շարքում։

Հայաստանը համեմատաբար բարձր դիրք է զբաղեցնում տաղանդների ներգրավման (41-րդ տեղ) և պահպանման մասով (44-րդ տեղ), և համեմատաբար ցածր դիրքերում է տաղանդների աճեցման (91) և նրանց զարգացմանը նպաստելու առումով (70):

Հայաստանը՝ 46.67 միավորով, գերազանցում է Թուրքիային (40.20), Ղազախստանին (38.58), Ադրբեջանին (46.19), ինչպես նաև միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը (43.53)։ Այնուամենայնիվ, երկիրը նշանակալիորեն հետ է մտնում այնպիսի առաջատար երկրներից, ինչպիսիք են Շվեյցարիան (78.96), ԱՄՆ-ն (76.60), Ֆինլանդիան (74.35), Էստոնիան (64.29) և ԱՄԷ-ն (62.56)։

Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսը բաղկացած է վեց հենասյուներից, որոնք գնահատում են, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկում երկրները տաղանդներ աճեցնելու ու ներգրավելու համար (նպաստել, ներգրավել, աճեցնել, պահպանել), և ինչպիսի հմտություններ են հասանելի նրանց արդյունքում (մասնագիտական և տեխնիկական հմտություններ, համաշխարհային մակարդակով առաջադեմ գիտելիքներ և հմտություններ)։

Spread the love