Օսակայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են HKDC1 սպիտակուցը, որը վճռական դեր է խաղում միտոխոնդրիաների եւ լիզոսոմների՝ բջջի կարեւոր բաղադրիչների առողջությանն աջակցելու գործում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Рroceedings of the National Academy of Sciences-ում (РNAS)։
Գիտնականները պարզել են, որ HKDC1-ն ակտիվանում է TFEB սպիտակուցի կողմից բջջային սթրեսի ժամանակ։ Այդ պրոցեսը օգնում է միտոխոնդրիաներին՝ բջիջների «մարտկոցներին», ազատվել թունավոր մնացորդներից՝ պահպանելով բջիջների աշխատունակությունը։ Հետազոտության առաջատար հեղինակ Մենգինգ Կուին ընդգծել է, որ HKDC1-ը փոխգործակցում է TOM20 սպիտակուցի հետ, որը գտնվում է միտոխոնդրիաների արտաքին մեմբրանում։ HKDC1-ի անբավարարության ժամանակ վատանում է լիզոսոմի՝ բջջային «մարսողական կայանների» վերականգնումը, ինչը հանգեցնում է բջիջների արագ ծերացման։
Հետազոտողների խոսքով՝ HKDC1 սպիտակուցը կարեւոր դեր է խաղում միտոխոնդրիաների եւ լիզոսոմների միջեւ հավասարակշռության պահպանման գործում՝ բջիջներին օգնելով պահպանել երիտասարդությունը եւ գործունակությունը։ Այս բացահայտումը կարող է հիմք դառնալ տարիքային հիվանդությունների բուժման, ինչպես նաեւ ծերացումը դանդաղեցնելու արդյունավետ տեխնոլոգիաների մշակման նոր մեթոդների ստեղծման համար։