Ինձ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում(Տեսանյութ)

Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է՝ որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։

Ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը համակարգում 12 տարվա ծառայող է։
90 մեդալ, 150 պատվոգիր․ Հայաստանի դրոշը միջազգային տարբեր հարթակներում բարձրացրած մարզուհին ոստիկանության ապագա ծառայողներին, ինչպես նաև մարզիկներին խորհուրդ է տալիս առանց տատանվելու գնալ նպատակներին ընդառաջ։

2013 թվականն էր, երբ Ժաննան իմացավ, որ ոստիկանության հատուկ ստորաբաժանմանը ծառայողներ են անհրաժեշտ: Դիմեց առանց վարանելու։
Նշում է, որ միշտ ցանկացել է ծառայել ոստիկանությունում։ Ընդունելության վերջին օրն է իմացել հայտարարության մասին․ բոլոր չափանիշներով համապատասխանել է և ընդունվել։

Ժաննան նշում է, որ և՛ մարզիկը, և՛ ոստիկանության ծառայողը պետք է լինեն բարձր կամային հատկանիշներով օժտված` ուժեղ հոգեպես և ֆիզիկապես։
Ասում է` առաջինը լինելու ձգտումը մարդկային հատկանիշ է․ պետք է պայքարես, հակառակ դեպքում ո՛չ սպորտում հաջողության կհասնես, ո՛չ ծառայության մեջ։
Մարզվում է երեկոյան ժամերին՝ ծառայությունից հետո: Իսկ ղեկավարների մասին գոհունակությամբ նշում է, որ միշտ էլ սատարել են իրեն` հնարավորություն տալով մասնակցելու միջազգային մրցումների, թիմային և անհատական մրցաշարերի։
Ժաննա Շահնազարյանը ուժային եռամարտի աշխարհի՝ ութակի, Եվրոպայի՝ կրկնակի չեմպիոն է և եռակի ռեկորդակիր, Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն:
Ժաննան ընկերներ ունի և՛ սպորտում, և՛ ծառայության մեջ, ընկերներ, որոնց վրա ինքը կարող է հույս դնել, ինչպես և նրանք` իր վրա: Սակայն վստահ է, որ յուրաքանչյուր մարդ պետք է անձամբ անցնի իր ճանապարհը, որքան էլ այն դժվար լինի, փորձություններով լի։
Ժաննան վստահ է՝ ինչպես սպորտում, այնպես էլ ծառայության մեջ պետք է անմնացորդ նվիրվես` առանց գնահատականի ակնկալիքի: Իսկ եթե ճանապարհդ ճիշտ է, գնահատականը, միևնույն է, վաղ թե ուշ՝ կլինի։

Կարևորելով ՆԳՆ ոստիկանությունում կանանց ներգրավվածությունը և աշխատանքի արդյունավետությունը, միաժամանակ հաշվի առնելով քաղաքացիների հետ շփումներում կին ծառայողների մոտեցումը և հասարակության դրական արձագանքը՝ Պարեկային ծառայության թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ հատկացվել է իգական սեռի դիմորդներին։

 

Spread the love