«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու Լեհաստանի Սեդլցեի համալսարանը պայմանավորվել են լայն համագործակցություն ձևավորել։ Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն ու Սեդլցեի համալսարանի նորարարության ու համագործակցության հարցերով ռեկտորի տեղակալ Մալինա Կաշուբան։
«Գեղարդ» հիմնադրամն ու Սեդլցեի համալսարանը համագործակցելու են կրթության, գիտության ոլորտներում, իրականացնելու են համատեղ նախագծեր։ Մասնավորապես` համագործակցությունը ներառելու է ուսանողների և մասնագետների փոխանակում, համատեղ հետազոտություններ, ակադեմիական միջոցառումների մասնակցություն, ակադեմիական նյութերի փոխանակում և այլն։
Այս հուշագիրը նպաստելու է ոչ միայն երկու կազմակերպությունների, այլև` Հայաստանի ու Լեհաստանի միջև գիտակրթական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։