Ավանդաբար համարվում է, որ արևայրուքը առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ ԴՆԹ-ի վնասման հետևանքով: Սակայն Կոպենհագենի համալսարանի և Սինգապուրի Նանյան տեխնոլոգիական համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ՌՆԹ-ն՝ մեկ այլ կենսական բջջային մոլեկուլ, մեծ դեր է խաղում արևայրուքի հանդեպ սուր արձագանքի առաջացման գործում:
Մեզանից շատերը կյանքում գոնե մեկ անգամ արևայրուք ստացել են: Մեզ նաև ասում էին, որ արևայրուքը վնասում է ԴՆԹ-ն։ Բայց դա ամբողջ ճշմարտությունը չէ, բացատրում են այս հետազոտության հեղինակները:
«Ռիբոտոքսիկ սթրեսի հանդեպ արձագանքը առաջացնում է սուր բորբոքում, բջիջների մահ և in vivo ուլտրամանուշակագույն ճառագայթման ենթարկված մաշկի վրա՝ էպիդերմիսի հաստացում» հետազոտության վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Molecular Cell ամսագրում:
ՌՆԹ-ն նման է ԴՆԹ-ին, բայց ԴՆԹ-ն երկարակյաց մոլեկուլ է, իսկ ՌՆԹ-ն՝ ավելի վաղանցիկ: ՌՆԹ-ի մի տեսակ, որը հայտնի է որպես տեղեկատվական ՌՆԹ (mRNA) գործում է որպես միջանկյալ «մեսենջեր», որը ԴՆԹ-ից տեղեկատվություն է փոխանցում սպիտակուցներ՝ բջջային բաղադրիչների հիմնական շինարարական բլոկներ, ստեղծելու համար:
Նոր հետազոտությունն անցկացվել է մկների, ինչպես նաև մարդու մաշկի բջիջների վրա և նպատակ է ունեցել նկարագրել ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունը մաշկի վրա և այդ վնասվածքների պատճառները: Գիտնականները պարզել են, որ մաշկի արձագանքը ուլտրամանուշակագույն ճառագայթմանը թե մկների, թե մարդու բջիջների մոտ նույնն է:
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ mRNA-ի վնասումը արձագանք է առաջացնում ռիբոսոմներում (սպիտակուցային համալիրներում, որոնք «հաշվում» են mRNA-ն՝ սպիտակուցներ ստեղծելու համար), որը կառավարվում է ZAK-alpha անունով հայտնի սպիտակուցով՝ այսպես կոչված, ռիբոտոքսիկ սթրեսի արձագանքով:
Արձագանքը կարելի է նկարագրել որպես բջիջների ներսում դիտարկման համակարգ, որը գրանցում է ՌՆԹ-ի վնասումը, ինչը հանգեցնում է բորբոքային ազդանշանների փոխանցման և իմունային բջիջների ներգրավման, որն այնուհետև հանգեցնում է մաշկի բորբոքման:
«Մենք պարզեցինք, որ առաջին բանը, որին բջիջներն արձագանքում են ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունից հետո, ՌՆԹ-ի վնասումն է, և սա է, որ առաջացնում է բջիջների մահ և մաշկի բորբոքում: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ենթարկված մկների մոտ մենք հայտնաբերեցինք պատասխաններ, ինչպիսիք են բորբոքումն ու բջիջների մահը, բայց երբ մենք ջնջեցինք ZAK գենը, այդ պատասխաններն անհետացան, ինչը նշանակում է, որ ZAK-ը առանցքային դեր է խաղում ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ առաջացած վնասվածքների դեմ մաշկի արձագանքում»,- ասել է պրոֆեսոր Սայմոն Բեքեր-Ջենսենը՝ հետազոտության համահեղինակներից մեկը։
Հետազոտության արդյունքները փոխում են մեր պատկերացումները արևայրուքի և մաշկի պաշտպանական մեխանիզմների մասին. ԴՆԹ-ի վնասումը առաջացնում է ավելի արագ և արդյունավետ պատասխան՝ պաշտպանելով մաշկը հետագա վնասվածքներից: