Կին լրագրողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ադրբեջանական մեկուսարաններում «Abzas Media»-ի օրինակով

Ադրբեջանի գործող իշխանությունը մշտապես աչքի է ընկել անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելով: Բաքվում լրագրողների նկատմամբ հետապնդումներն այնքան մեծ ծավալի են հասել, որ լրագրողների պաշտպանության միջազգային կազմակերպությունները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և դադարեցնել ճնշումներն անկախ լրատվամիջոցների նկատմամբ։

Լրագրողներին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում, մաքսանենգություն, կեղծ փաստաթղթերի օգտագործում, հարկերից խուսափում և այլն: Մեղադրյալներից ոչ ոք չէր ընդունել առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, որ ձերբակալությունները կապված են իրենց մասնագիտական գործունեության հետ:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի ադրբեջանական մեկուսարաններում կանանց նկատմամբ իրականացվող բռնաճնշումները: Բոլորովին վերջերս ադրբեջանական ընդդիմադիր կայքերը գրել էին, որ Բաքվի քննչական մեկուսարանի կանանց բաժնի ղեկավար Ադալաթ Գուրբանովը ծեծի է ենթարկել 48-րդ խցիկում պահվող վեց կին բանտարկյալների: Այդ մասին էր հայտնել «Abzas Media»-ի կալանավորված գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն: Ըստ լրագրողի՝ մեկուսարանի կանանց բաժնի ղեկավարը ծեծից հետո նրանց տեղափոխել էր ավելի վատ պայմաններ ունեցող խցեր։ Գլխավոր խմբագիրը նշել էր նաև, որ կին քաղբանտարկյալներին սպառնացել են՝ հրահանգելով ոչինչ չխոսել ծեծի ենթարկվելու մասին:

Կին լրագրողների պահման վատ պայմանների մասին խոսել են նաև վերջիններիս փաստաբանները: Սևինջ Վագիֆգըզըի փաստաբանը հարցազրույցում նշել է, որ պահման վայրերում առհասարակ բացակայում է ջեռուցումը, քանի որ ջեռուցման համակարգը վթարվել է։

Իր հերթին «Abzas Media»-ի մեկ այլ աշխատակից Նարգիզ Աբսալամովայի փաստաբանը հաղորդել է, որ անմխիթար պայմանների պատճառով իր պաշտպանյալը ձեռք է բերել առողջական խնդիրներ:

Ինչպես փաստերն են վկայում, Ադրբեջանի Հանրապետությունում լրագրողների անկախ գործունեության իրավունքը չի սահմանափակվում միայն ձերբակալություններով: Լրագրողները մեկուսարաններում ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի: Հատկանշական է, որ բռնությունների և խոշտանգումների զոհ են դառնում նաև կին լրագրողները։ Այս ճանապարհով ալիևյան իշխանությունը ջանում է երկիրը մաքրել անկախ լրագրողներից՝ փորձելով Ադրբեջանում էլ ավելի ամրապնդել բռնապետական համակարգը։

Spread the love