«Սերը հրաշք է, Սերը լույս է, իսկ այնտեղ, որտեղ կա լույս, խավարը նահանջում է».ԶԱՌԱ ՄԽԵՅԱՆ

Մեր զրուցակիցն է  «Ախթամար»  ներկայացման  պրոդուսեր , բարերար  Զառա  Մխեյանը:

 – Զառա, տարիներ են անցել մեր վերջին զրույցից, այդ ընթացքում դուք անխոնջ աշխատել եք՝ ստեղծելով նոր նախագծեր։ Վերջին տարիների ո՞ր ձեռքբերումներն եք համարում ամենակարևորը: Որքանո՞վ է բազմազան Ձեր ընկերության գործունեությունը: Եվ, իհարկե, պատմեք խնդրեմ բարեգործական ծրագրերի մասին, որին Դուք առանձնապես չեք սիրում անդրադառնալ, թեև դա կարող է օրինակ ծառայել շատերի համար: Վստահ եմ, որ լավ օրինակն իսկապես վարակիչ է ։

 

  – Ամենակարևոր ձեռքբերումը «Ախթամար»` սառույցի վրա ներկայացումն էր, պատմության մեջ առաջին անգամ Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճում կենդանացավ հնագույն «Ախթամարը»՝ սիրո մասին հավերժական լեգենդը: Պատմության մեջ առաջին անգամ հանրահայտ գեղասահորդները վերամարմնավորվեցին ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների կերպարներում: Հանդիսատեսն ականատես եղավ մշակութային կյանքի մի հնչեղ իրադարձության՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհի հայերի շրջանում։  Միջազգային թիմի ավելի քան 200 անդամ աշխատել էր այս վիթխարի գաղափարը կյանքի կոչելու, աշխարհի մարդկանց հայկական հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հպարտ ժողովրդի հոգու վեհությունը ցույց տալու համար: Ես ձեզ մի մեծ գաղտնիք կբացեմ. շուտով նույնը կբեմադրենք մե՛ր գեղասահորդների հետ, և սառցե ներկայացումը կցուցադրվի ամեն տարի, բայց երկրորդ մեծ գաղտնիքն այն է, որ մենք աշխատում ենք «Ախթամար» պարային շոու-ներկայացման վրա: Այդ մասին առաջինը Դո՛ւք իմացաք:

2017 թվականի ամանորյա տոներին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում կայացած «Ֆրոզեն» սառցե շոուին, որը գովազդվել էր որպես բարեգործական, հրավիրել էինք Հայաստանի տարբեր շրջանների հաշմանդամ երեխաների, մանկատների, գիշերօթիկ դպրոցների սաների, բազմազավակ ընտանիքների երեխաների, ինչպես նաև՝ քաղցկեղով հիվանդ երեխաների՝ իրենց ծնողների հետ: Շուրջ 8000 ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող երեխաներ ներկայացումն անվճար դիտելու հնարավորություն ունեցան: Ես զբաղվում եմ բարեգործությամբ, և այն, ինչ անում եմ, անում եմ ի սրտե։ Իրոք չեմ սիրում խոսել այդ մասին։ Այդ ուրախությունն ու տպավորությունների ծովն ամբողջ հոգով փոխանցեցի երեխաներին և ծնողներին՝ ինքս էլ վայելեցի սիրո և բարության մթնոլորտը: Ես նայում էի երեխաների աչքերին, որոնց համար դա հրաշք էր, կախարդանք, և ուրախանում էի մինչև հոգուս խորքը, հուզվելու աստիճան: Շատ կարևոր է օգնել մեր երեխաներին՝ պարգևելով լուսավոր և դրական հույզեր։

 – Ասում են, որ ցանկացած գործունեության հաջողության գրավականը պրոֆեսիոնալ թիմն է։  Ի՞նչ կպատմեք Ձեր թիմի մասին:

 

– Այո՛, հաջողության 50%-ը պրոֆեսիոնալ թիմն է: Ես ունեմ հիմնական թիմ և մասնագետներ Մոսկվայում, որոնց հետ աշխատում եմ ավելի քան 25 տարի, պատահում է, որ ներգրավում եմ մասնագետների Սանկտ Պետերբուրգից, այնտեղ շատ ստեղծագործ և առաջադեմ մարդիկ կան: Իհարկե, Երևանից էլ շատերի հետ եմ համագործակցել, միշտ հակված եմ եղել, որ ինձ մտերիմ մարդիկ լինեն իմ կողքին, նաև բարի գործ անեմ, բայց  այժմ գրեթե բոլորին հեռացրել եմ իմ թիմից, ինձ ավելի հարմար է աշխատել բարձրակարգ մասնագետների հետ: Համոզված եմ, որ մեկ լավագույն աշխատակիցը երբեք չի կարող փոխարինել համախոհների թիմին: Համակարգված թիմը միշտ շատ ավելի արդյունավետ կաշխատի, քան տաղանդավոր մեկ աշխատակիցը: Իսկ Հայաստանում նման համակարգված թիմ չի կարող լինել։ Երևանում իմ աշխատակիցներին մշտապես առաջ եմ մղել. անընդհատ, օրեցօր, փնտրում էի թիմում մրցակցային ոգին խթանելու և պահպանելու նոր մեթոդներ, բայց, ավաղ, մտածելակերպն ուղղակի սարսափելի է, բոլորը ցանկանում են լինել առաջնորդ, նախարար, թագավոր, կառավարիչ և այլն: Նրանք այդպես էլ չհասկացան, որ մտածող և անձնազոհ մարդկանց նույնիսկ փոքր խումբը կարող է փոխել աշխարհը: Իրականում, մեծ հաշվով, հենց այդպիսիններն են բերում այդ փոփոխությունները: Այդ պատճառով է, որ մեր ազգն այդպիսի ծանր դրության մեջ է: Միասնության մեջ է ուժը:

 

– Որքան գիտեմ, դուք պատրաստում էիք մի մեծ նախագիծ՝ «Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացումը սառույցի վրա, որը հիմնված է Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի վրա։ Տեղյակ եմ նաև, որ նախատեսվում է շրջագայություն ամբողջ Եվրոպայում: Կցանկանայի իմանալ այդ լայնածավալ սառցե շոուի մանրամասները: Արդյո՞ք հայ գեղասահորդներ ներգրավված են նախագծում, ի՞նչ երաժշտություն է ուղեկցելու: Ո՞վ է աշխատում զգեստների և դեկորացիաների վրա: Ի՞նչ է սպասվում մեր հանդիսատեսին:

 

– Այո, առաջին անգամ Հայաստանում ունեցանք սառցե ներկայացում, որ մեծ ներշնչանքով է ստեղծվել։ «Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն մեր հիանալի գեղասահորդների՝ ամենաբարձր մակարդակի գեղասահք էր և հիասքանչ երաժշտություն, այլև փառահեղ բեմականացում: Հանդիսատեսին սպասվում էին ցնցող գեղեցկության զգեստներ: Նախագծի վրա աշխատել են հրաշալի, տաղանդավոր պարուսույց-բեմադրիչ Դմիտրի Լապշինը՝ մեր գեղեցկուհի Էլեն Համբարձումյանի հետ, ինչպես նաև՝ մարզիչ Գեղամ Վարդանյանը. նրանք ևս դարձել են մեր թիմի մի մասը: Սա իսկապես շոու է, որը համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին։  «Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, ով փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։

Ամբողջ ներկայացման երաժշտությունը գրել է Էդգար Գյանջումյանը, կոմպոզիտոր, ում հմայող երաժշտությունը բառացիորեն ստիպում է արտասվել և միաժամանակ բուժում է հոգին: Ներկայացման վառ կերպարների ստեղծման վրա աշխատել են ավելի քան 20 վարպետներ՝ զգեստների նկարիչ-դիզայներ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ:

«Ձյունե թագուհու պատմությունը» ընտանեկան դիտման համար նախատեսված գեղեցիկ և բարի կախարդական պատմություն է, որի հիմնական միտքն այն է, որ իրապես սիրող սիրտ, ազնիվ ձգտումներ և կամքի ուժ ունեցող մարդուն ոչինչ չի կարող խանգարել իր վեհ նպատակին հասնելու գործում: Պատմությունը հավերժական արժեքների մասին է, այն մասին, որ սերն անբացատրելի և կարևորագույն մի բան է, որ պարուրում է մեզանից յուրաքանչյուրին: Սերը կյանքի հիմքն է, նրա հիմնաքարը: Այս աշխարհում ամեն ինչ ստեղծվել է սիրուց և սիրո շնորհիվ: Այն Տիեզերքի հիմնական ստեղծարար էներգիան է: Սերը հոգու լույսն է, որը լուսավորում է ամեն ինչ իր ջերմ շողերով: Սերը ողջ տիեզերքի հիմքն է: Սերը ղեկավարում է կյանքը: Սերը կյանք է պարգևում: Սերն Ամենակարող է: Սերը հրաշք է: Սերը լույս է, իսկ այնտեղ, որտեղ կա լույս, խավարը նահանջում է:

 

 – Ի՞նչ դժվարություններ կամ ստորջրյա խութեր են հանդիպում Ձեր ճանապարհին, և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում:

 

– Իհարկե, դժվարություններ կան, ես ավելի քան 30 տարի աշխատում եմ շոու բիզնեսում և այն, մեղմ ասած, բոլորովին անբիծ չէ: Չնայած փորձում եմ շատերի հետ չշփվել, հաճախ նաև ի վնաս բիզնեսի, բայց ես այլ կերպ չեմ կարող, ես կհիվանդանամ: Արվեստի, մշակույթի հետ կապ չունեցող պատահական մարդիկ իրենց շոու բիզնեսի մի մասն են համարում։ Իսկ ամենասարսափելին տեղի ունեցավ 2014 թվականին, երբ սկսեցի ստեղծել ներկայացումներ սառույցի վրա: Պարզվեց, որ շոու-բիզնեսը սպորտի ոլորտի համեմատ հեքիաթ էր, մասնավորապես, գեղասահքի:  Այդպիսի գեղեցկության ներսում ամեն ինչ իրականում փտած էր և գարշելի, նախանձկոտ գործակալներ, պրոդյուսերներ, որոնք ունակ էին ամենաստոր արարքների, մշտական սադրանքների, գեղասահորդները պատրաստ էին կեղտ լցնել միմյանց վրա և հետո կրկին համագործակցել, նույնիսկ նրանցից ամենափայլուններն ու ֆենոմենալները: Այդ ամենի մասին կարելի է գիրք գրել: Վստահեցնում եմ, միայն մարդու գործողություններն են խոսում նրա անձի մասին: Մի հավատացեք խոսքերին, պարզապես հետևեք և կտեսնեք ճշմարտությունը: Ես ավելի շատ սիրում եմ գեղեցիկ գործել, քան գեղեցիկ խոսել: Ես կարող եմ ընկնել, բայց ոչ ոք չի կարող խանգարել ինձ նորից բարձրանալ և շարունակել իմ ճանապարհը: Նոր ուղի գտնելու համար պետք է հեռանալ հին ճանապարհից, այնպես որ ես հեռացա և շատերին թողեցի այնտեղ: Ամենադաժանն առանց բացատրության բաժանվելն է, լուռ հեռանալը՝ մարդուն մենակ թողնելով հարյուրավոր, սայրի պես սուր հարցերի հետ, որոնց  պատասխանը միայն դու կարող ես տալ:

 

– Ի՞նչն է Ձեզ ոգևորում այս նախագծում: Ո՞րն է Ձեր հենարանը կարևոր որոշումներ կայացնելիս:

– Ես ապրում եմ հոգուս մեջ կիրք կրելով, նոր մտահղացումներով և նոր փորձառություններով. աներևակայելի հետաքրքիր է շրջապատող աշխարհը և մարդիկ: Այդ ամենը ինձ հնարավորություն են տալիս գտնել ինչ-որ առանձնահատուկ բան, որը կօգնի ինձ ոգեշնչվել: Վաղուց, ինչ-որ ժամանակ սկսել էի գիրք գրել, բայց կանգ առա, քանի որ կյանքս փոխվեց, երբ մտա գեղասահքի աշխարհ, և միաժամանակ ոգեշնչված եմ գրել այդ գիրքը, որտեղ շատ նոր բաներ կլինեն: Ինձ համար ամենակարևորն այս նախագծում մեր գեղասահորդների մասնակցությունն է, իմ հայրենիքը, քանի որ ես իսկապես ուզում եմ ինչ-որ մեծ բան անել մեր երեխաների և գեղասահորդների համար: Բայց, ներեցեք, ես անընդհատ տեսնում եմ էժանագին, ոչ պրոֆեսիոնալ շոուներ, որտեղ սարսափելի երաժշտություն է (ռաբիզ թուրքական մոտիվներով):

Եվ վերջապես, ինչպես ասում էր մեծն Պուշկինը «Ոգեշնչումը աշխատանքային վիճակի գալու ունակությունն է»։ Իսկ որոշումների կայացումը կարևոր գործընթաց է, որը կարող է լուրջ սթրեսի հանգեցնել: Կարծում եմ, ով երկար է մտածում, միշտ չէ, որ լավագույն լուծումն է գտնում։ Մինչև վերջնական որոշում կայացնելը քեզ կտանջեն կասկածները, դու անընդհատ կհիշես, որ հետ դառնալու հնարավորություն կա, և դա քեզ թույլ չի տա արդյունավետ աշխատել: Բայց այն պահին, երբ դուք որոշում եք ամբողջությամբ նվիրվել ձեր գործին, նախախնամությունը ձեր կողքին է: Սկսում են տեղի ունենալ այնպիսի բաներ, որոնք չէին կարող տեղի ունենալ այլ հանգամանքներում: Ինչի որ ունակ ես, ինչ որ երազում ես, սկսիր իրականացնել: Քաջությունը մարդուն տալիս է ուժ և նույնիսկ կախարդական իշխանություն: Իմ հենարանն իմ քաջությունն է: Հասկացեք, քանի դեռ մարդը տատանվում է, նա միշտ պատրաստ է նահանջել և ընտրել այլ ճանապարհ: Նախաձեռնության ցանկացած դրսևորման համար կա մի պարզ ճշմարտություն, որից անտեղյակ լինելը սպանում է անթիվ ծրագրեր և մեծ գաղափարներ. այն պահից, երբ մարդը որոշում է ինչ-որ բան անել, նախախնամությունը նույնպես սկսում է գործել:  Ընդունված որոշումն իր հետ բերում է իրադարձությունների մի ամբողջ շարք՝ շահեկան զուգադիպություններ, հանդիպումներ և նյութական աջակցության առաջարկներ, որոնց ոչ ոք երբեք նախապես չէր հավատա։ Ինչի որ ունակ եմ, ինչին որ հավատում եմ՝ սկսում եմ անել՝ վստահ լինելով, որ այն իր հետ կբերի տաղանդ, ուժ և հրաշքներ:

 

– Ի՞նչ նոր նախագծեր եք պլանավորում իրագործել մոտ ժամանակներս:

 

– Նոր նախագծերի վերաբերյալ արդեն մի փոքր պատմեցի՝ դա պարային ներկայացումն է: Բայց արդեն աշխատում եմ նոր սառցե ներկայացման վրա, որը կուղեկցվի հանճարեղ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ: Անունն առայժմ մեծ գաղտնիք է: Մասնակցելու է տարբեր դարաշրջանների անվանի գեղասահորդների մի ամբողջ համաստեղություն, երաժշտական կատարումները՝ կինոյի, թատրոնի և մյուզիքլների աստղերի մասնակցությամբ: Դա իսկապես կլինի համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող շոու: Մենք ստեղծում ենք մի ներկայացում, որն իր մասշտաբներով, համարձակ տեսողական և բեմական լուծումներով մեծապես գերազանցում է նախկինում ստեղծվածներին: Գաղափարն այնքան հնչեղ ու հավակնոտ էր, որ շատերն ինձ հուսահատեցնում էին: Բայց, ինչպես գիտենք, գլխավորը քո նպատակին ընդառաջ գնալն ու կանգ չառնելն է: Այսպիսով, ես գնում եմ առաջ և կարծում եմ, որ մենք 2026 թվականին դուրս կգանք սառցե բեմ: Եվ հետո, ես սիրում եմ ռիսկի դիմել և առաջին հայացքից անհնարին խնդիրներ դնել իմ առաջ։ Ժամանակակից երիտասարդներին հետաքրքրելու, հրապուրելու համար երբեմն պետք է նրանց ցույց տալ մեր հարուստ ժառանգությունը՝ օգտագործելով ժամանակակից խոսքը և տեխնոլոգիաները: Ես նոր ներկայացման գաղափարի հեղինակն եմ և պրոդյուսերը։ Դա, իհարկե, հսկայածավալ աշխատանք է։  Յուրաքանչյուր շոուի ստեղծման հետևում ամիսների նախապատրաստական աշխատանք է՝ սկսած գաղափարից մինչև իրականացում:

 

– Դուք արդեն երկար տարիներ ապրում եք Մոսկվայում, սակայն, չնայած բոլոր դժվարություններին՝ ձեր ուշադրությունը մշտապես ուղղված է Հայաստանին։  Դուք ակտիվորեն ծանոթացնում եք հանդիսատեսին ստեղծագործական նորույթներին և զարգացնում հայրենի երկրի մշակույթը՝ ներկայացնելով ամեն հետաքրքիրը երաժշտության և արվեստի աշխարհում: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ հայրենիքի հանդեպ սիրով, թե՞ արվեստի միջոցով դարավոր բարեկամությունն ամրապնդելու ձգտմամբ։

 

– Այո, ես 1991 թվականից ապրում եմ Մոսկվայում, և այն իմ երկրորդ հայրենիքն է, որն ինձ տվեց ամեն ինչ, այն իմ սիրելի երկիրն է, առանց որի ես չեմ կարող ապրել: Առանց Ռուսաստանի մշակույթի պարզապես անհնար է ապրել և ստեղծագործել: Գուցե մի փոքր կոշտ կարտահայտվեմ, բայց ով չի կարդում ռուսական գրականություն, այդ մարդն ինձ համար ոչինչ է: Ռուսաստանն այստեղ, իմ ներսում է, ես նրան զգում եմ: Իսկ Հայրենիքն ինձ համար առաջին հերթին այն վայրն է, որտեղ ես ծնվել եմ, դա իմ լեզուն է, իմ փողոցը, տունը, հիշողությունները, սովորույթներն ու ավանդույթները, իմ մշակույթն ու ընկերները: Եվ երբ մեկնում եմ, կարոտ եմ հենց այդ հայրենիքին: Ես ամպագոռգոռ խոսքեր չեմ սիրում և կարծում եմ, որ նույնիսկ հայրենիքի հանդեպ սերը պետք է լուռ արտահայտել: Ինչպես սերը մոր հանդեպ: Այո՛, ես անընդհատ մտածում եմ, թե ինչ կարող եմ անել իմ հայրենիքի համար։

Յուրաքանչյուր մարդ խորհում է այս աշխարհում իր տեղի մասին և ինքն իրեն հարց է տալիս. Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի նպաստեմ հայրենիքիս բարօրությանը: Կարծում եմ՝ չկա ավելի վեհ խնդիր, քան հենարան դառնալ մի երկրի համար, որը մեզ կյանք է տվել, մեր մեջ մշակութային և բարոյական արժեքներ դաստիարակել և կատարելագործվելու, այդ արժեքները պահպանելու և փոխանցելու հնարավորություն տվել: Պատմության, ավանդույթների և մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքը մեզ ավելի ուժեղ և համախմբված է դարձնում: Մշակույթը շատ լուրջ զենք է դիվանագիտության մեջ: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների մշակութային փոխգործակցությունը և, իհարկե, շատ եմ ցանկանում, որ դարավոր բարեկամությունը մշակույթի միջոցով ամրապնդվի: Մարդու բարոյական, ֆիզիկական և գեղագիտական կայացումը կախված է նրանից, թե ինչ դրական ավանդույթների խորության մեջ կհայտնվի: Այսօր մեր ավանդույթներն էլ են ոչնչացված, և ինչպիսի՞ն են այսօրվա հայերը: Դրանք բոլորովին այլ մարդիկ են: Ավանդույթները ազգային մշակույթի ամենակայուն մասն են, դրանք էլ ապահովում են սերունդների մշակութային շարունակականությունը, բայց այսօր բոլորովին այլ երիտասարդություն է, քանի որ այլ միջավայր է, այլ արժեքներ, և դրանք իրականում սարսափելի են: Ժողովրդական արվեստում, երաժշտության մեջ, երգերում, հեքիաթներում, հերոսական էպոսում և պարերում են դրսևորվում մեր մշակույթի ինքնատիպությունը և մշակույթի շատ վառ գծեր, բայց այսօր ամեն ինչում առկա է մուղամը և թուրքական ուղղվածությունը:

Ինչ վերաբերում է երաժշտությանը. Յուրաքանչյուր մարդ լսում է այն, ինչ սիրում է. ոմանք կյանքը չեն պատկերացնում առանց դասական երաժշտության, մյուսներն՝ առանց ջազի, ինչ-որ մեկը սիրում է ռոք կամ ժողովրդական երաժշտություն: Բայց վերջին տարիներին Հայաստանում նկատվում է թուրքական, իրանական երաժշտության «պաշտամունք», որ լսվում է մեքենաներից, խանութներից կամ պարզապես բնակարանների պատուհաններից։  Մի խոսքով, տեղեկատվական և մշակութային տոտալ պատերազմ է ընթանում։

 

 – Ձեր բնավորության գծերը միշտ հիացրել են՝ անսահման աշխատասիրություն, նվիրվածություն, բարություն, ազնվականություն: Ի՞նչ հատկություններ կավելացնեիք այս ցանկին այսօր՝ հաշվի առնելով ժամանակակից կյանքի բոլոր բարդությունները: Ի՞նչ դասեր եք քաղել, ինչպիսի՞ն է այսօրվա Զառան:

 

– Ես շատ համարձակ եմ։ Սկզբունքորեն, մարդն ինքն է իր բնավորության վերջնական կերտողը, վստահ եմ, որ մեր զգացմունքների շղթան է ձևավորում մեր բնավորությունը և որոշում մեր ճակատագիրը: Օրինակ՝ ինձ մոտ շատ բան է փոխվել, նախկինում ինձ համար շատ կարևոր էր իմ երևանյան թիմում ընդունել մարդկանց՝ օգնելով նրանց զարգանալ, սովորել, մեծ էներգիա, ժամանակ, ֆինանսներ ծախսել նրանց վրա, փորձել դրական էմոցիաներ պարգևել՝ տալով երկրորդ հնարավորություն, քանի որ նրանք իմն են…. Բայց այսօր նման բան երբեք չի լինի, այ դա է փոխվել։ Մարդիկ չեն հասկանում և չեն գնահատում այդ ամենը, ցավոք, բոլորը որպես սպառող են, և դա խիստ ցավալի է։ Ես շատ զգացմունքային մարդ եմ, և այս ամենը հիվանդագին եմ տանում: Ես միշտ պրոֆեսիոնալիզմի կողմնակից եմ և Մոսկվայում իմ թիմի անդամները և գործընկերները միայն պրոֆեսիոնալներ են եղել, դա միշտ խիստ և հստակ պահանջ է իմ կողմից: Վերափոխումները տեղի են ունենում սթրեսի, շրջակա միջավայրի, հասունանալու ազդեցությամբ: Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում նույնը չենք մնում, չնայած մեզ այդպես է թվում: Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը, այնքան ավելի դժվար է, բայց դա ինձ համար հիանալի է: Այսօր ես շատ եմ նեղացրել իմ թիմի շրջանակը, և իմ կողքին են մարդիկ, ովքեր ավելի քան 25 տարի ինձ հետ են և միշտ ազնիվ են, նվիրված ու պարկեշտ: Գիտե՞ք, ես կարծում էի, որ մարդկանց նկատմամբ սերը կարող է շատ բան փոխել, բայց դա այդպես չէ: Այսօր մարդիկ, մասնավորապես, մեր ժողովուրդը, «հիվանդ են»: Չեմ հիշում, թե ով, բայց մեծերից մեկն ասել է՝ «Սերը հրաշալի բան է, բայց այն փչացնում է բնավորությունը»:

 

 – Իրական կյանքում կամ գրականության մեջ կա՞ հերոս, որը զգալիորեն ազդել է կյանքի նկատմամբ ձեր տեսակետների վրա:

 

– Ամեն տարի, Սուրբ Ծննդյան և Ամանորի միջև ընկած ժամանակահատվածում ես պետք է մեկ անգամ ևս վերանայեմ «Կնքահայրը» ֆիլմը: Հարցն այն չէ, որ դա իմ ամենասիրած ֆիլմերից մեկն է, և որ ես այն համարում եմ ամերիկյան լավագույն ֆիլմերից մեկը: Դա ավելի շատ բնազդային կարիք է: Տարեվերջին, երբ եռուզեռը և վերջնաժամկետները նահանջում են, ես այդ ֆիլմում փնտրում եմ մխիթարություն և անասելի երանություն: Ես երկար ժամանակ համոզում էի ինքս ինձ ընթերցել Մարիո Պուզոյի «Կնքահայրը», քանի որ թվում էր, թե հետաքրքիր չի լինի։  Եվ ժանրը իմը չէ, և թեման, և ֆիլմը տեսել եմ։ Բայց պարզվեց, որ վեպն իսկապես լավն է, շատ լավը: Այն բացահայտեց բոլոր կերպարները: Եթե չեք կարդացել, խորհուրդ եմ տալիս: Նայեք Կորլեոնե ընտանիքին մի փոքր այլ աչքերով: Իմ զգացմունքները միշտ խանգարել են ինձ մտածել: Եվ ես միշտ ցանկացել եմ սովորել Մայքլ Կորլեոնեից, ով իմ հերոսն է: Ըստ Կորլեոնեի սկզբունքի՝ մարդը կարող է ամեն ինչ ստանալ, եթե բավականաչափ ուժգին ցանկանա: Դա ֆիլմ լեգենդ է: Ավելի, քան 30 տարի ամեն տարի կարդում եմ Պյուզո:

«Կան բաներ, որ պետք է անել, անում ես, բայց դրանց մասին երբեք չես խոսում։ Դրանք չես փորձում արդարացնել։ Դրանք արդարացում չունեն։ Պարզապես անում ես, և վերջ։ Եվ մոռանում ես»:

«Երբեք և ոչ մեկի հետ մի՛ գնացեք ընտանիքի դեմ»:

«Ես նրան այնպիսի առաջարկ կանեմ, որից նա չի կարողնա հրաժարվել»:

 

Երբ առաջին անգամ կարդացի Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպը, որի գլխավոր հերոսը Ռոդիոն Ռոմանովիչ Ռասկոլնիկովն է, ես ապշած էի։ Այս գրական կերպարն անջնջելի տպավորություն թողեց ինձ վրա՝ ստիպելով ինձ մտածել այնպիսի հիմնարար բաների մասին, ինչպիսիք են բարոյականությունը, արդարությունը և մարդկային հոգու բնույթը:

Ռոդիոն Ռասկոլնիկովը բարդ և հակասական հերոս է։ Նրա կերպարը բազմաշերտ է և լի ներքին բախումներով։ Նա մարմնավորում է փիլիսոփայական և էթիկական վեճը, որն անհիշելի ժամանակներից անհանգստացնում է մարդկությանը. կարող է արդյոք իրեն «գերմարդ» համարող անձն իրավունք ունենալ խախտել բարոյական նորմերը հանուն բարի նպատակի: «Հանցագործության իրավունքի» վերաբերյալ իր տեսությունն ապացուցելու համար Ռասկոլնիկովը դառնում է մարդասպան, ինչը հիմնովին փոխում է նրա կյանքը և ստիպում է նրան զգալ խղճի անհավատալի խայթ: Նրա գործողությունները կարող են զզվանք առաջացնել, բայց նրա տառապանքները ստիպում են մեզ կարեկցել նրան, չնայած այդ ամենին: Ավելին, Ռասկոլնիկովը հայելի է, որում կարելի է տեսնել սեփական թուլություններն ու կասկածները: Արդարության վերաբերյալ նրա կասկածները, սոցիալական անարդարության և աղքատության դեմ նրա բողոքը, այս դաժան և անիրավ աշխարհում իր տեղը գտնելու ձգտումը դարձնում են նրան խիստ ժամանակակից և արդիական հերոս մինչև օրս:

Ն. Վ.Գոգոլի «Մեռած հոգիները» մարդկային բնույթի, սոցիալական անարդարության և արատների ամենախորը ուսումնասիրությունն է:

Լ.Ն. Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» էպիկական վեպը ներկայացնում է կյանքի դասերի մի համադրություւն, որոնք բացահայտվում են հերոսների միջոցով՝ սյուժեի զարգացման ընթացքում: Իր հերթին, գրքի թեման շատ հագեցած և բազմազան է, ուստի դժվար է առանձնացնել մեկ ասպեկտ, քանի որ դրանք շատ են՝ սեր, ընտանիք, հայրենիք, բնության ազդեցությունը մարդու վրա:

Նաև իմ հերոսներից են Սքարլեթ Օ ‘Հարան և Ռեթ Բաթլերը («Քամուց քշվածները»), Ջորդան Բելֆորտը («Ուոլ Սթրիթի գայլը»), Անդրեյ Ստոլցը («Օբլոմով»), ովքեր ազդել են իմ աշխարհայացքի վրա։ Եվ, հավանաբար, կզարմացնեմ Ձեզ, եթե ասեմ, որ շատ սենտիմենտալ եմ և հավատում եմ, որ սերն ու բարությունը կփրկեն այս աշխարհը, և իմ հերոսներից են նաև Ա. Դյումայի հերոս երիտասարդ գեղեցիկ Ռոբին Հուդը և Ժոֆրեն Անն Գոլոնի «Անժելիկա» վեպից ։

 

–  Ո՞րն է կյանքում Ձեր հավատամքը:

 

 –Սիրել և ներել: Սեր տվեք շրջապատին և հրաժեշտ տվեք վիրավորանքներին: Ի վերջո, միայն սիրո և ներել կարողանալու օգնությամբ կարող եք ներդաշնակ հարաբերություններ կառուցել այլ մարդկանց հետ:

  1. Հավատացեք ինքներդ ձեզ, ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր նպատակներին հասնելու համար: Պետք է հավատալ մեր հնարավորություններին և համառորեն ջանալ:
  2. Ապրել հե՛նց հիմա՝ այնպես, ինչպես ուզում ես: Կյանքն արագ է անցնում, այնպես որ վաղվան մի թող այն, ինչ կարելի է անել այսօր: Վայելեք պահը և գնահատեք յուրաքանչյուր րոպեն:
  3. Ձգտել ինքնազարգացման: Սովորել ամբողջ կյանքում, զարգացնել տաղանդները, բացել նոր հորիզոններ: Հետաքրքրություն ցուցաբերել աշխարհի նկատմամբ և տեղում չդոփել:
  4. Անցյալը թողնել ետևում: Չհիշել վիրավորանքը և չկրել անցյալի բացասական հույզերի բեռը: Պետք է ազատվել հին մտքերից և բացվել նոր հնարավորությունների համար:

 

 – Սիրելի երաժշտություն, որը կարող եք անվերջ լսել:

 

– Ռախմանինովից կամ լավ ջազից հետո մնացածը փոփ երաժշտություն է: Ինքս հիմնականում դասական երաժշտություն, ջազ և բլյուզ եմ լսում։ Չգիտեմ, ինձ թվում է, որ բլյուզը ծնվում է բացառապես սիրուց, իսկ ջազը՝ կյանքից:

 

 – Կա՞ ֆիլմ, որն անջնջելի տպավորություն է թողել Ձեզ վրա:

 

– «Շինդլերի ցուցակը» Սթիվեն Սփիլբերգի հզոր աշխատանքը, Լիամ Նիսոնի և Ռեյֆ Ֆայնսի և յոթ ոսկե արձանիկների շքեղ դերերը։ «Փախուստ Շոուշենկից», համաշխարհային դասական Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» և Մարլոն Բրանդոյի և Ալ Պաչինոյի խորհրդանշական դերերը: Եվ երեք Օսկար, իհարկե,  «Քրեական ընթերցվածք»՝ կուլտային ֆիլմ, կուլտային սաունդթրեք, կուլտային Քվենտին Տարանտինո:

 

– Ո՞ր տեսակի մարդկանց հետ եք Ձեզ հարմարավետ զգում:

 

– Դրական հետադարձ կապը հզոր գործիք է, ուստի ինձ հարմարավետ է բարի, դրական մարդկանց հետ: Բարությունն ավելի կարևոր է, քան իմաստությունը, և դրա գիտակցումը իմաստության սկիզբն է: Երբ բարի գործեր ես անում, հոգումդ հիանալի զգացողություն է առաջանում: Ասես ներսում ինչ-որ բան պատասխանում և խոսում է: Դե, իհարկե, ավելի հարմարավետ է, երբ մարդը զարգացած է և ինտելեկտով հարուստ: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ ինտելեկտը սեքսուալ գրավչություն է հաղորդում թե՛ տղամարդուն թե՛ կնոջը:

 

 – Ի՞նչ դեր է խաղում ռիսկը ձեր կյանքում, և ի՞նչ է ձեզ համար համարձակությունն աշխատանքում:

 

– Ռիսկի դիմել նշանակում է մի պահ կորցնել հենակետդ: Ռիսկի չդիմել նշանակում է կորցնել ինքդ քեզ: Իմ ամբողջ կյանքը դա ռիսկերի կառավարում է, այլ ոչ թե ռիսկերի բացառում: Միայն վճռականությունն է հանգեցնում հաջողության: Ես մանկուց եմ քաջ եղել: ՔԱՋՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ԵՐԲ ՉՆԱՅԱԾ ՎԱԽԻՆ ԱՌԱՋ ԵՍ ԳՆՈՒՄ:  ԴԱ ՎԱԽԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԷ։  ԱՆՎԵՀԵՐ ԼԻՆԵԼ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՉՎԱԽԵՆԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՎԱԽԻՑ: Քաջությունը թույլ է տալիս հաղթահարել վախը: Կյանքում պատահում է նույնիսկ ամենաանհավանականը: Պարզապես պետք է ավելի համարձակ լինել։ Հավատացեք, որ երջանկությունը պատկանում է անվախներին:

 

 – Ո՞րն է այն հիմնական երազանքը, որ կցանկանայիք վերածել ձեր կյանքի նպատակի:

 

– Ես շատ հավակնոտ և մեծ երազանք ունեմ՝ ստեղծել մի հարթակ (իմաստունների համար ակումբային ավան) ոգեղեն Ռուսաստանում՝ իր տարբեր ազգությունների անկեղծ, համակրելի և բարի մարդկանցով, որտեղ նրանք կաշխատեն և կարարեն: Մնացածի մասին կպատմեմ երկու տարի անց: Դա կլինի մի վայր, որտեղ հոգին իրեն հանգիստ կզգա: Ի դեպ, ես փոքր քայլերով գնում եմ դրան։ Այս պահին ընկերոջս հետ հանգստի համար փոքրիկ էկո տնակային Ավան եմ կառուցում, զուգահեռ աշխատում ենք իմ հայեցակարգի վրա։

 

 – Ձեր անցյալի ո՞ր օրը կցանկանայիք վերադարձնել, եթե դա հնարավոր լիներ:

 

– Կցանկանայի վերադարձնել 2024 թվականի հունվարի 7-ը. այդ օրը փոխեց իմ աշխարհը, իմ հայրենի քաղաքը, որտեղ դժվարացավ շնչել, որտեղ առանց նրա դատարկություն է: Իմ միակ հարազատ, սիրելի մորաքույրը՝ որ և՛ ծնող էր, և ընկեր: Նա իմ ուսուցիչն էր: Ոչ մեկը երբեք չի կարող փոխարինել նրան: Ես ուզում եմ վերադարձնել նրա ժպիտը, որ լույսի շող էր այս մութ աշխարհում: Նա բարության և ջերմության մարմնացում էր: Մեր ընտանիքի համար դա սարսափելի ողբերգություն է, մորս համար էլ է աշխարհն առանց նրա դարձել ուրիշ։ Մայրս իմ ամրոցն է, որը պաշտպանում է կյանքի բոլոր դժվարություններից և մեզ համար դա սարսափելի կորուստ է:

 

 – Ո՞ր երկրում եք երազում դիմավորել արևածագը:

 

– Միայն հիասքանչ Ռուսաստանում:

 

 – Եվ այնուամենայնիվ, ի՞նչը կարող է փոխել այս աշխարհը: Թվում է, թե բարությունն ու սերն արդեն բավարար չեն…

 

 – Մեր ընդհանուր պատասխանատվությունը, նվիրվածությունը մոլորակին և սերը մարդկանց և կենդանիների հանդեպ: Սա մեծ և լուրջ թեմա է, բայց կարծում եմ, որ ելք կա, որից ամենակարևորը անհատական ներդրումն է, որն էլ հենց պայծառ ապագայի բանալին է: Մի աշխարհում, որտեղ մենք ամեն օր բախվում ենք անհաղթահարելի մարտահրավերների և անորոշությունների, այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ կարևոր դերակատարում ունի մարդկության ապագայի համար, կարող է ինչ-որ տեղ միամիտ թվալ: Բայց պայծառ ապագա ձևավորելու մեր հավաքական ունակությունը կախված է մեզանից յուրաքանչյուրի ներդրումից: Երբ մարդիկ տեսնում են, որ իրենց գործողությունները կարևոր են, դա ոգևորում է նաև մյուսներին: Դա կարող է փոփոխությունների կայծ առաջացնել ուրիշների մեջ՝ ստեղծելով շղթայական ռեակցիա: Համատեղ աշխատանքը և գաղափարների փոխանակումը նպաստում են ուժեղ համայնքների ստեղծմանը: Այս համայնքներում մարդիկ աջակցում են միմյանց՝ աշխատելով ընդհանուր նպատակների համար և լուծելով բարդ խնդիրներ: Այս համայնքները դառնում են գլոբալ մարտահրավերների շուրջ համատեղ աշխատանքի հիմք: Միասին գործելու և յուրաքանչյուրի ներդրումը գնահատելու ունակությունը լուսավոր և կայուն ապագա ստեղծելու բանալին է:

 

 – Լիներ իմ կամքը… շարունակեք, խնդրեմ:

– Ես սկսնակ հրաշագործ եմ և երազում եմ փոխել աշխարհը դեպի լավը: Ցավոք, դա անել միայն կախարդական փայտիկի օգնությամբ չի ստացվի։ Ինձ երկար ու ծանր աշխատանք է սպասվում։ Առաջին փուլում իմ հիմնական խնդիրն է յուրաքանչյուր մարդու մտքում արթնացնել աշխարհն ավելի լավը դարձնելու բնական (բայց երբեմն քնած) ցանկությունը: Ես իսկապես ուզում եմ, որ երկրի վրա գտնվող բոլոր մարդիկ վերջապես հասկանան, որ այստեղ ապրող յուրաքանչյուրի հիմնական առաքելությունը բարություն, ուրախություն և երջանկություն տարածելն է:

 

 – Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

 

– Մաղթում եմ ձեր բոլոր ընթերցողներին, որ նոր տարում իրականանան նրանց բոլոր անձնական և մասնագիտական, բացահայտ և թաքնված ամենանվիրական ցանկությունները, նոր տարում նրանց մշտապես ուղեկցեն հաջողությունը, խաղաղությունը, ջերմ սրտերը, հստակ միտքը, մաքուր մտադրություններն ու վեհ նպատակները և, իհարկե, ոգեշնչումն ու լավ երաժշտությունը:

 

Spread the love