Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կողմ է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Նա համոզված է, որ երկրների միջեւ խաղաղությունը հնարավոր է, հայտնել է Reuters-ը։
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած մամուլի ասուլիսում Իսրայելի վարչապետը լրագրողներին ասել է, որ կողմ է իր երկրի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ խաղաղությանը։
«Կարծում եմ, որ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ դա տեղի կունենա», – ասել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետի խոսքով՝ ինքը վճռական է այս նպատակին հասնելու հարցում։
«Ես գիտեմ, որ նախագահը տրամադրված է հասնել դրան, եւ կարծում եմ, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը շահագրգռված է դրանով: Ուստի մենք լավ հնարավորություն կտանք դրան, եւ ես կարծում եմ, որ մենք հաջողության կհասնենք», – ասել է Նեթանյահուն: