Եվս 5 քննական ավտոմոբիլ գործնական քննությունների համար․ համալրումը կնպաստի քաղաքացիների սպասելաժամանակի կրճատմանը

Հանրությանը մատուցվող ծառայությունների որակի լավարկումն ու քաղաքացիների արագ և արդյունավետ սպասարկումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից են։ Այդ համատեքստում նախարարությունում իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլ նաև տեխնիկական ռեսուրսների համալրման ուղղությամբ։ Մասնավորապես, հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը օրերս համալրվել է հատուկ գործնական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցներով։ Այն քննությունների ընթացքում անխոչընդոտ և թափանցիկ մթնոլորտ ապահովելու նպատակով է ։

Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանի խոսքով՝ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման թույլտվությունների լիցենզավորման վարչությունը համալրվել է հինգ տրանսպորտային միջոցներով, որոնցից երեքը՝ ավտոմատ, երկուսը՝ մեխանիկական հաղորդակով։ Մեքենաները կահավորվել են ոտնակներով. հետագայում այդ տրանսպորտային միջոցներում կտեղադրվեն նաև տեսանկարահանող սարքեր։ Մեքենաներից չորսը տրամադրվելու է Երևանի հաշվառման-քննական բաժնին, իսկ մեկը՝ Արտաշատի հաշվառման-քննական բաժնին։

Տրանսպորտային միջոցների համալրման նպատակը գործնական քննության հերթերի նվազեցումն է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում։ Համալրումը թույլ կտա ավելացնել մեկ օրվա ընթացքում քննությունների քանակը, ինչը կնպաստի մնացած քաղաքացիների՝ հերթում սպասելու ժամանակի կրճատմանը։

Նոր մեքենաներով քննական երթուղին անցնելու հարմարավետությունը ընդգծում են նաև քննություն հանձնողները․«Երկրորդ փորձից ստացա վարորդական վկայականս։ Այս մեքենան ավելի հեշտ էր վարելը, տեխնիկական առումով անհամեմատելի է»։

Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է մշտադիտարկել ծառայությունների մատուցման գործընթացը՝ վերլուծելով ու գնահատելով քաղաքացիների կարծիքներն ու առաջարկները, ձեռնարկելով գործուն քայլեր դրանց բարելավման ուղղությամբ։

Spread the love