Հայաստանի բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումներ կիրականացվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում ընդունել է որոշում՝ հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման ապահովման նպատակով:

Ըստ այդմ՝ առաջարկվում է աղբահանության ոլորտի ռազմավարությամբ ամրագրված հանրապետության բնակավայրերում ինտեգրված և կայուն աղբահանության համակարգի ներդրման միջոցառումների իրականացում՝ 2025-2032 թթ. ընթացքում։

Մասնավորապես առաջարկվում է՝ թափոնների տեսակավորմանն ու առանձին հավաքմանն ուղղված մեխանիզմների ներդրում միջոցառմամբ թափոնների վերամշակման արտադրությունների աշխարհագրական տեղադիրքերի հիման վրա ձևավորել օգտահանվող թափոնների ընդունման կետեր և ապահովել օգտահանվող թափոնների հոսքը դեպի վերամշակման արտադրություններ:

Համաձայն ռազմավարության դրույթների՝ նախատեսվում է իրականացնել հանրապետության աղբահանության և կոշտ թափոնների կառավարման գոտիավորված տարածքների (Հյուսիսային, Հարավային և Կենտրոնական) տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ՝ յուրաքանչյուր գոտում նախատեսվող աղբավայրերի, փոխաբեռնման կայանների տեղադիրքերի որոշմամբ, ինստիտուցիոնալ ու ֆինանսական գնահատականների ապահովմամբ և այնուհետև համապատասխան ներդրումային ծրագրերի իրականացում՝ յուրաքանչյուր գոտու համար ԵՄ չափանիշներին համապատասխան աղբավայրերի և փոխաբեռնման կայանների կառուցմամբ, գոյացող աղբի հավաքման ու տեղափոխման համար ինտեգրված լոգիստիկայի ապահովմամբ, հնարավոր վերամշակման ենթակառուցվածքների ստեղծմամբ։

Spread the love