ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է Առևտրի դյուրացման գլոբալ դաշինքի (GATF) և Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն անցկացվել է կառուցողական մթնոլորտում՝ նպատակ ունենալով քննարկել բուսասանիտարական հավաստագրերի թվայնացման հնարավորությունները, ինչպես նաև բուսասանիտարական բեռների արտահանման գործընթացների արդյունավետության բարձրացման ուղիները։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են միջազգային լավագույն փորձն ու նորարարական լուծումները, որոնք կարող են կիրառելի լինել Հայաստանի համար՝ հավաստագրերի տրամադրման գործընթացները պարզեցնելու և առավել թափանցիկ ու հասանելի դարձնելու նպատակով։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էլեկտրոնային սերտիֆիկատների ներդրման հեռանկարներին, որոնք կթեթևացնեն վարչարարական բեռը և կնպաստեն գործընթացների ավտոմատացմանը։

Կողմերը կարևորել են պետական-մասնավոր գործընկերության ամրապնդումը, որն առանցքային նշանակություն ունի արդյունավետ ու ժամանակակից լուծումների մշակման և ներդրման համար։ Քննարկվել են նաև հնարավոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք կարող են աջակցել Հայաստանի բուսասանիտարական ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ բարձրացնելով արտահանման մրցունակությունն ու համատեղելիությունը միջազգային չափանիշների հետ։

 

Spread the love