Օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորելու համար ՀՀ քաղաքացիներն այսուհետ կստանան պետական կրթաթոշակ, եթե նրանք համապատասխան աջակցություն ունեն նաև ՀՀ-ում գործող մասնավոր ընկերությունների կողմից և համարվում են տվյալ ընկերության աշխատակից։ Բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կրթաթոշակը կտրամադրվի աշխարհի լավագույն բուհերի http://www.shanghairanking.com վարկանիշավորման կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65, իսկ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի համար։ Պետության կողմից տրվող կրթաթոշակի առավելագույն չափ է սահմանվում 10 մլն ՀՀ դրամը՝ մեկ տարվա համար։ Պարտադիր պայման է նաև, որ արտերկրի բուհում սովորող քաղաքացին աջակցություն ունենա ՀՀ-ում ռեզիդենտ համարվող մասնավոր կազմակերպության կողմից՝ ուսման վարձի 50 տոկոսի չափով։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 6-ի նիստում: Հարցի զեկուցման ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ներկայացված որոշման ընդունումը բխում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերից, որոնք արտահայտված են ռազմավարական մի շարք փաստաթղթերում և ոլորտում իրականացվող բարեփոխումներում: Մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում և Կառավարության ծրագրում ամրագրված մի շարք թիրախներ վերաբերում են մարդկային կապիտալի զարգացմանը:
«Վերանայելով կրթաթոշակային քաղաքականությունը՝ հնարավորություն կստեղծվի ներդնելու նոր համակարգ արտերկրի բուհերում կրթություն ստացող ուսանողների ֆինանսավորման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նախկինում նմանօրինակ ձեռնարկների փորձն ու ռիսկերը՝ նախագծով փորձել ենք ներդնել այնպիսի մեխանիզմ, որն ավելի մեծ արդյունավետություն կունենա և հանրային ու տնտեսական զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ կլինի երկրի համար: Մասնավորապես՝ նախատեսվում է կիրառել ձեռնարկությունների նորարարական ներուժի հզորացման գործընթացում պետական աջակցության նոր մոտեցում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախագծի կարգավորումներն ուղղված են գործող կրթաթոշակային մեխանիզմների ու սկզբունքների վերանայմանը՝ կրթաթոշակը դիտարկելով որպես կրթության շարունակականությունը կամ ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով սովորողներին անհատույց տրամադրվող ֆինանսական աջակցություն, խրախուսանք:
«Ծրագրի իրականացման կարևոր պայման է մասնավոր ընկերությունների ներգրավումը գործընթացին։ Առնվազն 100 աշխատող ունեցող առևտրային կազմակերպությունը պետք է կատարի համաֆինանսավորում՝ ընդհանուր կրթաթոշակի առնվազն 50 տոկոսի չափով, որից հետո նախատեսվում է պետության կողմից մնացորդային կրթաթոշակի տրամադրում, որի առավելագույն չափն ամեն տարվա համար չի կարող գերազանցել 10 մլն դրամը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նաև շեշտել է՝ կարևոր պայման է, որ ուսումնառության ավարտից հետո քաղաքացին պետք է առնվազն 3 տարի համապատասխան մասնագիտությամբ աշխատի տվյալ կազմակերպությունում:
«Կարծում ենք՝ այս նախագծի ներդրումը հնարավորություն կտա, որ մի շարք առանցքային ոլորտներ համալրվեն որակյալ կադրերով, որոնք էլ նոր գիտելիքներ կներդնեն արտադրական և արդյունաբերական գործընթացներում: Նմանօրինակ աշխատակիցների առկայությունը կբերի նաև նոր գիտելիքների կիրառմանն ու փոխանցմանը մյուսներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Միաժամանակ, առաջարկվում է սահմանել՝ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում Հայաստանի Հանրապետություն կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է այլ հաստատություն, գործատուն ՀՀ պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին է փոխանցում է հրաժարագին՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկի չափով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ կրթաթոշակային նոր քաղաքականություն մշակելու շրջանակում իրականացվել է նաև մասնավոր կազմակերպությունների փորձի /«Իմ քայլը», «Լույս» հիմնադրամներ/ և ուսանողների հետվերադարձի վիճակագրության որոշակի ուսումնասիրություն: ՀՀ են վերադարձել «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ արտերկրում ուսումնառություն ստացած ուսանողների 61 տոկոսը, «Լույս» հիմնադրամի կողմից ֆինանսավորում ստացած ուսանողների 20,3 տոկոսը:
«Կարծում ենք՝ այս մոտեցմամբ խնդիրն էապես կարգավորվում է, քանի որ ի սկզբանե աշխատանքային հեռանկար է առաջարկվում՝ ապահովելով կրթության ավարտից հետո մասնագիտական գիտելիքների դրսևորման միջավայր»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:
Կարևորելով տնտեսության տարբեր ոլորտներում մրցունակ կադրերի առկայությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ պետք խստացնել վերահսկողությունը և ծրագրի շրջանակում կրթաթոշակ ստացողների պարտադիր հետվերադարձի համար գործուն մեխանիզմներ սահմանել։
Նա ընդգծել է՝ պետությունը չի կարող ռեսուրսներ ներդնել մարդկային կապիտալի զարգացման համար, որը հետագայում չի ծառայելու Հայաստանի Հանրապետությանը: Վարչապետն ընդգծել է՝ պետական քաղաքականության առաջնահերթություն են որակյալ մասնագետների վերադարձն ու ՀՀ տնտեսական զարգացմանը նպաստելը: