Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 6-ի նիստում ԵՄ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի մասին որոշում կայացրեց:
Ըստ այդմ, նախատեսվում է ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությանը կից պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով ԵՄ-ում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ նշանակել և հավատարմագրել։
Հիմնավորման մեջ նշվում է. «Եվրոպական խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին տրամադրված աջակցությունը, ԵՄ ճգնաժամային կառավարման առաքելություններում ՀՀ մասնակցության շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը, Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության նոր օրակարգում անվտանգային և պաշտպանական բաղադրիչի զգալի ընդլայնումը ԵՄ-ի հետ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծել։
Բելգիայի հետ մեկնարկած ռազմական համագործակցությունը ևս երկարաժամկետ հեռանկարում կարող է դրական դեր խաղալ ՀՀ պաշտպանունակության և դիմադրողականության զարգացման գործում։
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությանը կից գործում է ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը՝ Բելգիայի Թագավորություն, ք. Բրյուսել): Հետևաբար, սույն նախագծով նախատեսվում է ՆԱՏՕ-ի պաշտպանության հարցերով կցորդին համատեղության կարգով նշանակել և հավատարմարգրել Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում:
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար Եվրոպական միությունում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով արդյունավետ աշխատանքի համար, կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
Որոշման արդյունքում հաստիքների առավելագույն թվաքանակը կմնա անփոփոխ, իսկ առաջացող ծախսերը կկատարվեն ՊՆ-ին հատկացված ֆինանսական միջոցների հաշվին: