Պարզաբանում Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։ Նախարարության  նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ 2019 թ․ իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաև ծածկի փոխարինում՝ արդի ճարտարապետական լուծումներով։ Հաշվի առնելով Գառնիի տաճարի և բաղնիքի կարևորությունը և նախագծի հեղինակի կողմից առաջարկված մեթոդաբանությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բանակցություններ է սկսել իտալական կողմի հետ և 2024 թ․ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ խճանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնել «L’Opificio delle Pietre Dure» ինստիտուտի կողմից։ Վերջինս Իտալիայի մշակույթի նախարարության մասնագիտացված կառույցն է մոնումենտալ արվեստի հետազոտման ​​և վերականգնման  ոլորտում:

Նախագծի շրջանակում նշյալ ինստիտուտի մասնագետները 2024 թ․ տեղում իրականացրել են չափագրման աշխատանքներ, իսկ  2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին պլանավորված է մասնագետների այց Հայաստան՝ աշխատանքները շարունակելու և փորձանմուշներ վերցնելու նպատակով։ Խճանկարի վերականգնման և ծածկի փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2025 թ.։

 

Spread the love