ՌԴ ՊՆ-ն հայտնել է ռազմական հատուկ գործողության ընթացքում զոհերի մասին

Ռուսաստանի Զինված ուժերը հատուկ գործողության ամբողջ ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան հազար օբյեկտ: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Ռուսական զինված ուժերը ռազմական հատուկ գործողության ամբողջ ընթացքում խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1 067 օբյեկտ»,-ասել է նա:

Ինչպես նշել է Կոնաշենկովը, ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 27 կառավարման կետ եւ կապի հանգույց, 38 ՀՕՊ զենիթահրթիռային համալիր՝ Ս-300, «Բուկ Մ-1» եւ «Օսա», ինչպես նաեւ 56 ռադիոլոկացիոն կայան: «Միայն այսօր ոչնչացվել է յոթ զենիթահրթիռային համալիր, այդ թվում՝ 1 Ս-300 Կրամատորսկ քաղաքի շրջանում: Խոցվել է 3 «Բայրաքթար ԲՏ-2» հարվածային անօդաչու թռչող սարք Չերնիգովի արվարձաններում»,-նշել է գեներալը:

ՌԴ ՊՆ-ից հայտնել են փոքրաթիվ ռուս գերեվարվածների մասին: «Սակայն մենք գիտենք՝ ինչպես են ուկրաինացի ազգայնականները վերաբերվում գերեվարված ռուս զինծառայողներին: Եւ տեսնում ենք, որ խոշտանգումներն ու կտտանքները հիշեցնում են Հայրենական պատերազմի ժամանակ գերմանացի նացիստների ոճը»,-հայտարարել է Կոնաշենկովը:

Կոնաշենկովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի Զինուժի կորուստները շատ ավելի քիչ են՝ ի տարբերություն ոչնչացված ազգայնականների եւ Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների թվի:

Նրա խոսքով՝ Կիեւի ռեժիմի ղեկավարները անխուսափելիորեն կկրեն պատասխանատվություն: «Գրանցվում եւ նույնականացվում են բոլոր անձինք, ձայները, հեռախոսները, դրանց կոորդինատները, IP-հասցեները, ինչպես նաեւ բոլոր ուկրաինացի ազգայնականների նամակագրությունը, որոնք մեր ընկերների նկատմամբ ոտնձգություններ են գործել: Դա նաեւ վերաբերում է Կիեւի ռեժիմի ղեկավարներին ու կատարողներին, որոնք ուղղակի կոչեր են անում ոտնձգություններ կատարել ռուս զինծառայողների նկատմամբ՝ խախտելով ռազմագերիների հետ վերաբերվելու հռչակագիրը: Դուք բոլորդ հայտնաբերված եք եւ անխուսափելիորեն կկրեք պատասխանատվություն»,-ասել է նա:

Կոնաշենկովը հայտնել է, որ ԼԺՀ զորքերի խմբավորումը հաջողությամբ առաջխաղացում է գրանցել եւս 4 կմ երկայնքով: «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը ՌԴ ԶՈՒ ռազմական աջակցությամբ հաջողությամբ առաջխաղացում է գրանցել՝ հակառակորդի պաշտպանությունը եւս 4 կմ ճեղքելով: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները, հաղթահարելով ազգայնական ստորաբաժանումների հակազդեցությունը, եւս 6 կմ առաջխաղացում են գրանցել: Ազատագրվել են Նիժնեյե, Գրանիտնոյե եւ Գնուտովո բնակավայրերը»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ռուսական ԶՈՒ-ն փետրվարի 24-ից սկսված ռազմական հատուկ գործողության ամբողջ ընթացքում խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1 067 օբյեկտ:

Spread the love