«Շիրակ» թռչնաֆաբրիկան էժան է ձուն վաճառում, որ իմ կամ մյուսի բիզնեսը վարի տա․ «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն

«Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանի խոսքով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը ստել է, երբ Ազգային ժողովում երեկ հայտարարել է, թե ձվի շուկայում «Շիրակ» թռչնաֆաբրիկան դեմպինգ չի իրականացնում, քանի որ այդ ընկերության իրացման ծավալները  4 կամ 5 % է։

«Ո՞ւմ աչքերին է ինքը թոզ փչում։ «Շիրակ» թռչնաֆաբրիկան օրական արտադրում է 420 արկղ ձու, եւ հիմա էլ սկսել է արտադրել մոտ 330 արկղը։ Իսկ Հայաստանում ամեն օր արտադրվում է  3000 արկղ ձու, այսինքն՝ 750-ը 3000-ի մեկ քառորդ մասն է։  Էդ ինչպե՞ս է լինում, որ արտադրողը երբ արտադրում է 750 արկղ ձու, դառնում է շուկայի 4 տոկոսանոց արտադրող։ Գեղամ Գեւորգյանը բացեիբաց պաշտպանեց նոր խաղացողի՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի շահերը, որին հովանավորում է Կառավարությունը»,-  NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանը։

Նշենք, որ մոտ 20 օր է՝ շուկայում նկատվում է ձվի գնանկում։ Փոքր եւ միջին տնտեսվարողները զգուշացնում են, որ նման գործելաոճը կարող է հանգեցնել սնանկացման։ Շրջանառվող լուրերի համաձայն, «Շիրակ» թռչնաֆաբրիկան է սկսել ձուն վաճառել նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով, որին հետեւել են ձու արտադրող այլ ընկերություններ։ Եթե հավի մեկ ձվի ինքնարժեքը 55 դրամի շուրջ է տատանվում,  ապա սուպերմարկետներում ձուն վաճառվում է նույնիսկ մինչեւ 34-37 դրամով։

«Երբ ապրանքն ինքնարժեքից ցածր է վաճառվում, դա քրեորեն պատժելի արարք է, այդ դեպքում ընկերությունը պետք է հիմնավորի, թե ինչպես է ստացվել, որ ինքը ինքնարժեքից ցածր է վաճառում ապրանքը։ Ինքը էժան է ձուն վաճառում, որպեսզի իմ կամ մյուսի բիզնեսը վարի տա, սպանի  մեր բիզնեսները։ Պարոն Գեւորգյան, մի բանաձեւ ասա, որով կկարողանաս լուծում տալ այս խնդրին։ Եթե չեք կարող, ես կասեմ․ առաջինը՝ ձուն պետք է մակնշվի, որը, սակայն, վերահսկելի չէ։  Երկրորդը՝ թող Կառավարությունը գների քաղաքականություն մշակի, ասի՝ տնտեսագետները հաշվել են, որ ձվի ինքնարժեքը պետք է լինի 50 դրամ, դրանից պակաս դրամով վաճառելու դեպքում կոտնահարվեն մյուս արտադրողների շահերը եւ դուրս կմղվեն նրանք շուկայից, այդ դեպքում ես քեզ տուգանելու եմ։ Ձվի տեսականիները դուրս մղելու համար աշխարհում ընդունված է ձուն կիլոյով վաճառել, որ սպեկուլյացիա չառաջանա»,- ասաց  Հրայր Ասլանյանը։

Ձու արտադրող ընկերությունները կարծում են, որ հավկիթը ինքնարժեքից ցածր է վաճառվում, որովհետեւ խոշոր արտադրողների մոտ  մեծ քանակով պահեստավորված ձու կա։

««Շիրակ» թռչնաֆաբրիկան այսօրվա արտադրած ձուն չի վաճառում, որովհետեւ պահեստում ունեն 2,5-ից 3 մլն ձու, իրենք գիտեն, որ եթե այսօր այդ ձվերը մակնշեն, դա մնալու է եւ  20 օր հետո դրանք անպիտան են լինելու։ Դրա համար էլ այսօրվա արտադրված ձուն իրենք մակնշում են ուրիշ ամսաթվով, որովհետեւ նախապես հաշվարկել էին, թե օրը ինչքան կարող են վաճառել ու պահեստում ինչքան ունեն»,- նշեց  Հրայր Ասլանյանը։

Մանր եւ միջին թռչնաֆաբրիկաները դեմպինգի պատճառով ֆինանսական ծանր վիճակում են հայտնվել։

«Սա էն բիզնեսը չէ, որ հիմա թողնես, մորթես հավերին կամ էլ մարդկանց բաժանես ու հետո նորից համալրես․ համալրումը մեծ ծախսերի հետ է կապված, էլ չեմ ասում, որ վարկեր ունեմ 100 000 մլն դրամից ավել։ Իսկ իմ մոտ ամեն օր ֆինանսական ճեղքվածք է տեղի ունենում, ամսվա վերջին ես չգիտեմ, թե որտեղից պետք է աշխատողներիս աշխատավարձը տամ, վարկերը փակեմ եւ այլ ծախսերը հոգամ՝ էն դեպքում, երբ գազը, էլեկտրաէներգիան թանկացել է։ Ամեն օր հաղորդագրություն ենք ստանում կեր վաճառող ընկերութուններից, որ կերը թանկացել է։ Մեր բիզնեսը ո՞նց դիմակայի էս պայմաններում։ 10 աշխատող ունեմ, բայց այդ տասը աշխատողը կերակրում է 50 մարդու»,- ասաց Հրայր Ասլանյանը եւ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեց «Շիրակ» թռչնաֆաբրիկայի շուրջ, որպեսզի պարզեն, թե ով է կանգնած այդ ընկերության հետեւում։

«Շիրակ» թռչնաֆաբրիկայից հրաժարվում են թեմայի առնչությամբ մեկնաբանություն տալ, նշելով, որ ավելի վաղ հանդես էին եկել հաղորդագրությամբ։

«Գների նվազումից տուժում են ոչ միայն մանր եւ միջին արտադրողները,այլեւ խոշորները։ Տուժել ասելով մենք հասկանում ենք շահույթի նվազում կամ նույնիսկ վնասներ։ Իսկ ինչ՞ու է դա տեղի ունենում։ Պատասխանը պարզ է։ Գները որոշում է շուկան՝ առաջարկի եւ պահանջարկի կանոնով։ Այն արտահայտվում է հիպերբոլի հատույթի տեսքով,որը հենց շուկայում ստեղծված գինն է։ Արդյունքում «Շիրակ»թռչնաֆաբրիկայի հավկիթի գները որոշվել են հենց այս ակնհայտ կանոնով։

Այնուամենայնիվ, որպես Հայաստանում գործող ընկերություն, ներկայիս ծանր տնտեսական իրավիճակում մեր սպառողներին առաջարկվել է ողջամիտ եւ ձեռնտու գին,որն առաջին հերթին վերաբերվում է տարեց մարդկանց եւ թոշակառուներին»,- ասվում է փետրվարի 16-ին «Շիրակ»թռչնաֆաբրիկայի տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Spread the love