ԱՄԷ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հետ։
Ինչպես հաղորդել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության, առեւտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հարցերը։ Օրակարգում էին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը։ Տեղի է ունեցել մտքերի լայն փոխանակություն երկկողմ եւ բազմակողմ համագործակցության, այդ թվում՝ տարածաշրջանային եւ միջազգային թեմաների շուրջ։
«Հանդիպման ժամանակ նաեւ տեղեկատվություն է տրամադրվել տարածաշրջանի հետհակամարտային վերականգնման եւ խաղաղության օրակարգի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի, այդ թվում՝ խաղաղ գործընթացում առկա խնդիրների մասին»,- մեջբերել է աղբյուրը։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը նշել է, որ Աբու Դաբիում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է մի շարք հարցեր։ Իսրայելցի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերություններն ընդլայնվում են եւ ընդգրկում են ռազմավարական, դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ եւ այլ ասպեկտներ։ «Մենք կշարունակենք ուժեղացնել դրանք»,- ավելացրել է Գիդեոն Սաարը։