Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌեԱ փառատոնի կազմակերպիչների հրավերով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի հեռուստաընկերության (France TV) երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պյեռ Սիրակուզային:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՌեԱ փառատոնի հիմնադիր, երգիծանկարիչ Վրեժ Քասունին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել Ֆրանսիայի հետ համատեղ կինոարտադրության, դիստրիբյուցիայի, հեռուստատեսության ոլորտներում համագործակցության պատրաստակամությունը: Նշելով ֆրանսիական փորձի ուսումնասիրության և յուրացման կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է փորձի փոխանակումը ֆիլմարտադրության և հեռարձակման ոլորտում:

Հայաստան այցի շրջանակում Պյեռ Սիրակուզան Հայաստանի կինոյի հիմնադրամում օրերս հանդիպել է ֆիլմարտադրողների հետ, քննարկել անիմացիոն հեռուստաշարերի և համատեղ արտադրության հնարավորություններն ու մասնագիտական շուկայում նախընտրելի ձևաչափերը: Նա շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով հայ գործընկերների հետ կիսվել ֆրանսիական փորձով:

Երգիծանկարիչ Վրեժ Քասունու խոսքով՝ ոլորտային տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են անիմացիոն հեռուստաշարերի ստեղծման հնարավորությունները:  Վրեժ Քասունին տեղեկացրել է՝ միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքում դիտարկվում է անկախ հարթակի ստեղծման հնարավորությունը: Հարթակը կնպաստի կրթական, մշակութային և ազգային բովանդակությամբ մանկական և երիտասարդական անիմացիոն հեռուստաշարերի ստեղծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացմանը:

Կարևորելով տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումը՝ նախարարը շեշտել է հատկապես մշակույթի և կրթության բնագավառներում համատեղ նախաձեռնությունների իրագործումը:

«Մեդիայի և սոցիալական ցանցերի ազդեցությունը երեխաների և դեռահասների կյանքում գնալով մեծանում է: Կրթադաստիարակչական բովանդակության ստեղծման խրախուսումն առաջնային թիրախ է նախարարության համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով այս ուղղությամբ կարողությունների զարգացմանը միտված նախագծերի իրականացումը:

Նախարարը նաև շեշտել, որ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումները, մասնավորապես՝ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ևս միտված է սովորողների կարողունակությունների զարգացմանը, որտեղ հատուկ շեշտադրում է արված մշակութային և մեդիագրագիտության բաղադրիչներին:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ պետությունը կարևորում է համատեղ ֆիլմարտադրությունը, հայկական կինոյի հանրահռչակումը, որի շրջանակում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել: ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ Հայաստանում նկարահանվող ֆիլմերի համար: Ռազմավարական ուղղություններից են նաև անիմացիոն ֆիլմարտադրության զարգացումը, ինչպես նաև հեռուստատեսային կրթամշակութային հաղորդաշարերի ստեղծումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Spread the love