ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ:
Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից:
Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար, երբ ֆիլմի հանրահռչակումը խթանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը:
«Օտարերկրյա կինոարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի կինոարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով կատարված դրամական ներդրումների համար կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ համարվող, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ համատեղ կինոարտադրություն սկսելու:
Ըստ նախարարի՝ նախագիծն ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը:
«Ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմաններն ու մատչելի աշխատաշուկան կարող են ապահովել ոլորտի ներդրումային գրավչությունը: Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական, տեխնիկական և սպասարկման աշխատանքներն ու ծառայությունները: Միջազգային փորձը փաստում է, որ ֆիլմարտադրությունը խթանելու կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը, որն ընդունված ձևաչափ է բազմաթիվ երկրներում: Կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը նպաստում են նաև տնտեսական աճին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նման մեխանիզմ գործում է հարևան Վրաստանում, ինչպես նաև Չեխիայում, Մալթայում, Խորվաթիայում և այլ երկրներում:
Նրա խոսքով՝ կարգով սահմանված հնարավորությունը պետք է արդյունավետ իրացնել՝ հաշվի առնելով, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով արդեն իսկ ներդրումների մասնակի վերադարձի քաղաքականությունը ձևակերպված էր:
«Կինոյի ազգային հիմնադրամն ակտիվորեն մասնակցում է պետության աջակցությամբ իրականացվող բոլոր փառատոներին՝ դրանք օգտագործելով նաև իբրև իրազեկման բարձրացման հարթակներ»,- մեկնաբանել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ կարգավորումը ոլորտի համար սպասված է, քանի որ որոշ նախագծերի վերաբերյալ արդեն հուշագրեր են կնքվել:
Նախարարը նաև հավելել է, որ ֆիլմարտադրության ներդրումների վերադարձի նպատակով 2025 թ. բյուջեում արդեն իսկ միջոցներ նախատեսվել են, հետևաբար եթե ներկայացվեն համապատասխան ծրագրեր, ապա դրանք կարող են ստանալ փոխհատուցում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարգի ընդունմամբ կինոարտադրության ոլորտում գործունեություն ծավալողներին նոր նախաձեռնություններ սկսելու լավ հնարավորություն է տրվում:
«Շատ կարևոր է, որ այս հնարավորության մասին տեղեկությունը կարողանանք պատշաճորեն հասցնել պոտենցիալ շահառուին: Պետք է քաջալերենք նաև, որ ոլորտի մասնավոր կառույցները, ունենալով կարգով սահմանված հնարավորությունը, միջազգային գործընկերներ փնտրեն»,- ընդգծել է վարչապետը՝ կարևորելով գործընթացի թափանցիկությունը թե՛ Կառավարության, թե՛ ներդրողների համար:
Ակնկալվում է, որ նախաձեռնությունը կխթանի Հայաստանում կինոարդյունաբերության զարգացումը՝ նպաստելով օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Նոր կարգավորումը կարող է նաև նախադրյալ հանդիսանալ ֆիլմարտադրության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման և ոլորտի միջազգային մրցունակության բարձրացման համար։